Մովսես Հակոբյանը ողջունում է Սոչիում կայացած հանդիպումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը ողջունում է Սոչիում նախագահների եռակողմ հանդիպումը և ընդգծում, որ ցանկացած պատերազմի և հակամարտության ավարտը բանակցություններն են: Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մովսես Հակոբյանն ընդգծեց, որ Սոչիում կայացած հանդիպումը կարևոր էր նաև այն առումով, որ այն հաջորդել էր սահմանային լրված իրավիճակին: «Թե ինչ արդյունք կտա այս հանդիպումը, կարծում եմ, պետք է սպասենք: Ես առնանձնապես մեծ ակնկալիքներ չունեմ, քանի որ այս պահին ես չեմ տեսնում, որ Ադրբեջանը ցանկանում է հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Հակոբյանն ընգդծեց, որ Ադրբեջանը պետք է դասեր քաղի վերջին իրադարձություններից և որոշակի եզրահանգումներ անի: Հարցին, թե այս պահի դրությամբ շփման գծում հարաբերական անդորրն արդյոք կապվա՞ծ է նախագահների հանդիպման հետ, Հակոբյանը պատասխանեց, որ այդ անդորրը հաստատվել էր դեռևս օգոստոսի 5-ին՝ նախագահների հանդիպումից մի քանի օր առաջ: «Ես կարծում եմ, որ նրանք (ադրբեջանցիները- հեղ.) որոշակի եզրահանգման են եկել, հասկացել են, որ իրենց գործելաոճն արդյունավետ չէ, դրա համար էլ հանդարտվել են: Սակայն միևնույն ժամանակ, սա մեզ չի հանգստացնում և առաջնագծում կանգնած զինվորները շարունակում են ծառայություն իրականացնել նույն ռեժիմով, ինպես ծանում էին վերջին լարված օրերի ընթացքում»,- ասաց Հակոբյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից առաջնագծում ծանր տեխնիկայի կուտակումներին՝ ՊԲ հրամանատարն ընդգծեց, որ դա արվել է հայ հասարակության մոտ վիրտուալ վախ առաջացնելու նպատակով, սակայն իրադարձությունների հետագա զարգացումը ցույց է տվել, որ դա որևէ կերպ խուճապ չի առաջացրել: «Նրանք նման քայլով փորձում էին մեզ վախեցնել, շանտժի ենթարկել և հասնել նրան, որ մենք մոբիլիզացիա հայտարարենք և հասարակության մեջ խուճապ առաջանա, սակայն մենք նրանց գործողություններին պատասխանեցինք առաջնագծում մեր տեխնիկան առաջ տալով, ինչի արդյունքում նրանք արդեն օգոստոսի 5-ից հետո հետ քաշեցին նաև իրենց ծանր տեխնիկան»,- նշեց Հակոբյանը:

Օգոստոսի 10-ին Սոչիում կայացել է եռակողմ հանդիպում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Հանդիպմանը կողմերը քննարկել էին ԼՂ հակամարտության կարգավորման հարցն ու շեշտել է, որ այն պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Ի պատասխան Իլհամ Ալիեւի հայտարարություններին` Նախագահ Սարգսյանը հիշեցրել էր, որ ՄԱԿ-ի ընդունած 4 բանաձեւերից մեկն էլ հրադադարի ռեժիմի պահպանումն է, որը հարեւան պետությունը խախտում է գրեթե ամեն օր:

Հայերեն