Արմեն Մուրադյանը Մոսկվայում կմասնակցի Ռուսաստանի հայ բժիշկների համագումարին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Հակաէպիլեպտիկ լիգայի նախագահ, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ Գագիկ Ավագյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հոկտեմբերի 18-ին Մոսկվայում նախատեսվող Ռուսաստանի հայ բժիշկների համագումարի կազմակերպական հարցեր: Գագիկ Ավագյանն իր և ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, Մոսկվայի Ա. Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի ճանաչված մասնագետ Բագրատ Ալեքյանի անունից նախարարին հրավիրել է մասնակցելու համագումարին: Արմեն Մուրադյանը հաստատել է իր մասնակցությունը:
Կայանալիք համագումարին կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության առողջապահության համակարգում աշխատող հայազգի անվանի մասնագետները: