Սյունիքում հացահատիկի միջին բերքը 1 հա-ից կազմում է 29ց

1 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սյունիքի ցածրադիր գոտիներում շարունակվում է հացահատիկային կուլտուրաների բերքահավաքը, ինչին նպաստում են եղանակային բարենպաստ պայմանները: Մարզում արդեն մոտ 16 հազ. հա հունձ է կատարվել: Միջին բերքը 1 հա-ից կազմում է 29 ց, ինչը համարյա նույն նախորդ տարվա ցուցանիշն է:

Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ բերքահավաքի աշխատանքները մարզի ցածրադիր գոտիներում կավարտվեն օգոստոսի 20-ին, իսկ բարձադիր գոտիներում, որտեղ հիմնականում հաճարի արտերն են, հունձը կավարտվի սեպտեմբեր ամսվա կեսերին: «Մարզում միաժամանակ նախապատրաստվում են աշնանացանին: Արդեն սերմացուների հետ վերադարձը կազմակերպված է` առաջին վերարտադրության սերմացուն գյուղացիական տնտեսություններին տալու համար», - ասաց վարչության պետը:

Ըստ Թանգյանի, բերքահավաքի աշխատանքներին խանգարող հանգամանքներ մարզում չկան: Չնայած գյուղտեխնիկան հին է, սակայն այն նորոգված է եւ այս օրերին գործում է անխափան: Մարզում չհնձվող տարածքներ չկան:

Գոհար Իսախանյան

Հայերեն