Ակնհայտ է, որ Կարեն Պետրոսյանին սպանել են. Կարեն Բեքարյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացրած ապատեղակատվությունը, Կարեն Պետրոսյանի հագուստի, այնուհետեւ նկարների հետ կապված ողջ խեղկատակությունը ու նաեւ բեմադրությունները, թե գյուղացին դիվերսանտ է` արդեն փաստում էին, որ Ադրբեջանն ամեն ջանք գործադրելու է, որպեսզի Պետրոսյանը ողջ հայրենիք չվերադառնա: «Արմենպրես»-ի հետ զրույցում քաղաքագետ Կարեն Բեքարյանը փաստում է, որ գերուն սպանելը Ադրբեջանի համար նորություն չէ: «Ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած տեղեկատվությունը տանում էր նրան, որ նրանք Կարենին սպանելու են: Ակնհայտ է, որ Կարենին սպանել են եւ սա հերթական անգամ փաստում Ադրբեջանի դիրքորշումը, ցույց է տալիս այդ երկրի իրական դեմքը: Ցավոք, սա առաջին անգամ չէ, երբ նրանք սահմանը հատած խաղաղ բնակչին ներկայացնում են որպես դիվերսանտ, այնուհետեւ սպանում: Ցավոք, սրանք են մեր հարեւանները»,- ասաց Կարեն Բեքարյանը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 7-ին Թովուզի Աղբուլաղ գյուղում գերի ընկած Տավուշի շրջանի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանն օգոստոսի 8-ի առավոտյան «հանկարծակի անհայտ պատճառով մահացել է»: Ըստ հաղորդագրության` նախնական տվյալներով` Պետրոսյանի մահվան պատճառը «սիրտ-թոքային խիստ անբավարարությունն է, խիստ միոկարդիալ անբավարարությունը»: Ներկայում Ադրբեջանի ՊՆ դատաբժշկական փորձագիտական եւ պաթոլոգոանատոմիական կենտրոնի Գյանջայի տարածաշրջանային բաժանմունքի փորձագետները իբր պարզում են հայ գերու մահվան իրական պատճառը:

Տավուշի սահմանամերձ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատել էր, որ իրենց գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Արտուշի Պետրոսյանը հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու գերի ընկել: Նրա գերեվարվելու մասին լուրերն ավելի վաղ տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները` հայտնելով, որ հայ գերին հայտնաբերվել է Թովուզի շրջանի Աղբուլաղ գյուղի բնակչի կողմից: «Այդ տղան սեր ուներ խմիչքի հետ, դեռեւս հայտնի չեն սահմանը հատելու հանգամանքները, սակայն կասկածներ կան, որ նա խմած է եղել»,-ասաց Սաղոյանը: Ադրբեջանական լրատվամիջոցները, սակայն, հայտնել էին, որ գերեվարված անձը 1965թ. ծնված Արտուշ Պետրոսյանն է: «Արմենպրես»-ի ճշգրտող հարցին` Չինարիի գյուղապետը հստակ նշեց, որ գերեվարվածը Արտուշ Պետրոսյանի որդին է` Կարենը, ով 31 տարեկան է:

Սա առաջին դեպքը չէ, երբ սահմանը հատած խաղաղ քաղաքացուն Ադրբեջանում սպանում են: 2010 թ. սեպտեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ քսանամյա Մանվել Սարիբեկյանը գերեվարվել էր. հոկտեմբերի 5-ին հայտնի դարձավ, որ նա մահացել է բանտախցում՝ Բաքվում։ Մահից առաջ ադրբեջանական ANS TV հեռուստաընկերությունը պատրաստել էր թողարկում, որում Մանվել Սարիբեկյանի հարցազրույցը էր տալիս հեռուստաընկերության աշխատակցի հետ։ Նա խոստովանում էր, որ իբր լրտես է և ահաբեկիչ։ Սարիբեկյանի դին Հայաստանի Հանրապետությանն է հանձնվել նոյեմբերի 4-ին՝ փոխարենը Ադրբեջանին հանձնելով Ադրբեջանի քաղաքացի Էլդար Թաղիևին։ Հայաստանում կատարված դատաբժշկական հետաքննությունը ցույց է տվել, որ Սարիբեկյանը ենթարկվել է կտտանքների:

2014թ. հունվարի 28-ին Վերին Կարմիր աղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը դույլը ձեռքին հատել էր հայ-ադրբեջանական սահմանն ու գերեվարվել: Ադրբեջանական կողմը ծերունուն համարել էր դիվերսանտ: Խոջոյանը հայրենիք է վերադարձվել մարտի 4-ին, նրա մարմնին եւ դեմքին կային բազմաթիվ վնասվածքներ: Ադրբեջանում նա ենթարկվել էր կտտանքների, նրան անգամ բենզին էին ներարկել: Չնայած տրամադրված բժշկական օգնությանը` Մամիկոն Խոջոյանը չկարողացավ ապաքինվել եւ մայիսի 20-ին կնքեց մահկանացուն:

Հայերեն English

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել