Հայկական զինված ուժերը վերջին օրերին կանխել են հակառակորդի 20-ից ավելի դիվերսիոն հարձակումներ
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Զինված ուժերը հաղթանակած բանակի հրամանատարներով են համալրված: Վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերը հերթական անգամ փաստեցին, որ հայկական զինված ուժերի դիրքերն ամուր են, հայկական բանակն ու հասարակությունը` համախմբված եւ միասնական: Այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` օգոստոսի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Հակառակորդը փորձ արեց ստուգել հայի հոգու ամրությունը, բայց նրանք չէին գիտակցում, որ հայկական զինուժի դիրքերն ամուր են, իսկ բանակն ու հասարակությունը` համախմբված»,-նշեց նախարարը:
Սահմանին իրավիճակն այսօր էլ լարված է, եւ հակառակորդը, գերագնահատելով իր ուժերը, տարբեր տրամաչափի զենքերից կրակում է հայկական դիրքերի եւ խաղաղ բնակչության ուղղությամբ: «Սակայն առաջնագծում հայ զինվորն է եւ նա գիտի իր առաքելությունն ու շարունակում է ապահովել Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը: Այս օրերի ընթացքում հայկական զինված ուժերի տարբեր ստորաբաժանումները կանխել են հակառակորդի քսանից ավելի դիվերսիոն հարձակումներ, որոնք, բնականաբար, հատուկ պատրաստություն անցած ստորաբաժանումների ձեռքի գործն են: Սա հերթական անգամ փաստում է հայ տղաների խիզախությունը, հայրենասիրությունն ու մարտական պատրաստվածությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Սեյրան Օհանյանը` հավելելով, որ հպարտ է ՀՀ Զինված ուժերով եւ այսօր բանակը հերթական անգամ ապացուցեց, որ կայացած, հաստատուն եւ թրծված կառույց է, որն անցել է պատերազմի բովով:
Նախարարը շեշտեց, որ հանդիպել է միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ եւ միջազգային հանրությանը ներկայացրել Հայաստանի դիրքորոշումը: «Հայկական կողմը պաշտպանում է իր պետության սահմաններն ու բնակչության անվտանգությունը, մինչդեռ հակառակորդն ապակողմնորոշում է միջազգային ատյաններին, սեփական հանրությանն ու տարածում ապատեղեկատվություն: Ցավում եմ երկուստեք մարդկային կորուստների համար: Ցավում եմ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը բազմաթիվ կյանքերի գնով պետք է համոզենք մեր խաղաղասիրությունն ու մարդասիրությունը: Նրանց ղեկավարությունը չի գնահատում զինվորի արժեքը: Կատարվածն ու երկուստեք մարդկային զոհերը Ադրբեջանի ռազմաքաղաքական եւ ռազմական ղեկավարության խղճի վրա են: Ադրբեջանն իր ստի զոհն է: Կեղծելով իրադրությունն ու իրենց բանակը ներկայացնելով կարող եւ անպարտելի` սեփական ժողովրդի մոտ հայտնվեցին փակուղային իրավիճակում»,- ասաց Սեյրան Օհանյանը: