Հասարակական

Արմեն Մուրադյանը ծանոթացել է «Արամյանց» բժշկական կենտրոնի շենքային և նյութատեխնիկական պայմաններին

4 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանը ծանոթացել է «Արամյանց» բժշկական կենտրոնի  շենքային և նյութատեխնիկական պայմաններին

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն օգոստոսի 5-ին այցելել է Երևանի «Արամյանց» բժշկական կենտրոն (նախկին Թիվ 3 կլինիկական հիվանդանոց):Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կենտրոնի ղեկավար Սամվել Հարությունյանի ուղեկցությամբ Արմեն Մուրադյանը շրջել է հիվանդանոցի բաժանմունքներով, ծանոթացել շենքային և նյութատեխնիկական պայմաններին:

Նախարարն առաջինն այցելել է ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչ, հիվանդանոցի գլխավոր վիրաբույժ, ակադեմիկոս Պավել Անանիկյանի աշխատասենյակ:

Ինտերվենցիոն սրտաբանության բաժանմունքում նախարարը զրուցել է հիվանդների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, որից հետո եղել է վիրահատարանում, ծանոթացել գործիքային և տեխնիկական ապահովվածությանը: Ուշադրության կենտրոնում է հատկապես եղել վերակենդանացման բաժանմունքի հագեցվածությունն ու ծառայությունների կազմակերպումը։

Նախարարը կենտրոնի ղեկավարությանը և մասնագետներին առաջարկել է քայլեր ձեռնարկել ուրոլոգիական բաժանմունքը զարգացնելու ուղղությամբ:

Մանկաբարձ–գինեկոլոգ Բագրատ Մկրտչյանի ղեկավարությամբ գործող Էնդոսկոպիկ և վերականգնողական գինեկոլոգիայի կլինիկայում ժամանակակից մեթոդներով ու տեխնոլոգիաներով գինեկոլոգիական բարդ վիրահատություններ են կատարվում:

Գինեկոլոգիական բաժանմունքում նախարարը մանկաբարձ - գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ, մանկաբարձության և գինեկոլոգիայի ուլտրաձայնային ախտորոշման մասնագետ, պրոֆեսոր Կարինե Թոխունցի հետ զրուցել է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման կանխարգելմանն ուղղված օրենսդրական փոփոխություններ կատարելու գործում հետագա համագործակցության և անելիքների մասին։

Արմեն Մուրադյանը կենտրոնի ղեկավարությանն առաջարկել է մասնագիտական տարբեր միավորումներին հնարավորություն ընձեռել պարբերաբար աշխատանքային խորհրդակցություններ անցկացնել վերջերս վերանորոգված և անհրաժեշտ տեխնիկական միջոցներով հագեցած ընդարձակ դահլիճում:

Կենտրոնը հիմնադրվել է 1972 թվականին` մասնագիտական 5 ուղղությունով` թերապիա, սրտաբանություն, ընդհանուր վիրաբուժություն, կրծքային վիրաբուժություն, անոթային վիրաբուժություն: Հետագայում կրծքային վիրաբուժության բաժանմունքը տեղափոխվել է այլ հիվանդանոց:

Վերջին 14 տարվա ընթացքում հիվանդանոցում կառուցվածքային լուրջ փոփոխություններ են կատարվել։ Կազմակերպվել է մասնագիտացված 5 նոր բաժանմունք (վնասվածքաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանություն, դիմածնոտային վիրաբուժություն, գինեկոլոգիա, ինտերվենցիոն սրտաբանություն), հարստացվել է նյութատեխնիկական բազան, ուժեղացվել է կադրային ներուժը:«Արամյանց» բժշկական կենտրոնն այսօր ինը ուղղությունով շուրջօրյա մասնագիտացված բժշկական օգնություն է իրականացնում ինչպես Երևանի, այնպես էլ` հանրապետության բոլոր մարզերի բնակչության համար:

Հիվանդանոցը շարունակում է զարգացման իր ծրագրերը` համագործակցության եզրեր փնտրելով ինչպես հանրապետության, այնպես էլ` արտասահմանյան առաջատար կլինիկաների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում