Արմեն Մուրադյանը հանձնարարել է շտկել հոգեբուժարաններում տիրող իրավիճակը
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվե են հոգեբուժական ծառայության հիմնախնդիրներին, հանրապետության հոգեբուժական հաստատություններում տիրող ներկա իրավիճակին, դեղերի շրջանառությանը, այդ ուղղությամբ գործող նորմերի ապահովմանը, այդ թվում` ժամկետանց դեղերի բացառմանը վերաբերող և այլ հարցեր։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, խիստ քննարկման առակա են դարձել նաև հիվանդանոցների ընդհանուր սանիտարական վիճակին, ներհիվանդանոցային ռեժիմի պահպանմանը, հիվանդներին տրամադրվող սննդի որակին վերաբերող հարցերը: Վերջին երեք ամիսների ընթացքում սա հոգեբուժարանների հիմնախնդիրներին նվիրված երրորդ քննարկումն է։ Բացի այդ, Արմեն Մուրադյանն այցելել է հանրապետության տարբեր հոգեբուժական հաստատություններ, տվել կոնկրետ հանձնարարականներ:
Առողջապահության նախարարը հանրապետության հոգեբուժական կենտրոնների ղեկավարների ուշադրությունն է հրավիրել հոգեբուժական ծառայություններին առնչվող խնդիրներին` սկսած հիվանդանոցների տարրական պայմաններից, պահեստներից ու խոհանոցներից, ներառյալ առաջին բուժօգնություն և կարդիոռեանիմացիա, ընդգծելով, որ նշված բոլոր հարցերը բարձրացվել և մասնագիտական վերլուծություն է կատարվել դեռևս նախորդ` մայիս-հունիս ամիսներին հոգեբուժարաններ կատարած իր այցերի ընթացքում: Արմեն Մուրադյանը հոգեբուժական հիվանդանոցների տնօրեններին հանձնարարել է երկօրյա ժամկետում հոգեբուժարաններում շտկել իրավիճակը, հակառակ դեպքում խիստ միջոցներ կձեռնարկվեն:
«Հստակ պահանջ եմ ներկայացնում ձեզ` մինչև երկուշաբթի օրը հոգեբուժական հաստատություններում սանիտարական վիճակը բերել պատշաճ մակարդակի և ապահովել որակյալ հոգեբուժական ծառայություն»: Նախարարը հանձնարարել է խիստ հսկողության ներքո պահել թե՛ անվտանգության հարցերը` սկսած բժշկական օգնությունից մինչև հակահրդեհային համակարգ, թե՛ ճաշացանկը` ներառյալ սննդի պահպանման ժամկետներն ու կալորիականությունը։ Պահանջվել է մշտապես ուշադրության կենտրոնում պահել դեղերի շրջանառությունը, գրանցամատյանների վարումը, կարգուկանոնի ապահովումը, կադրային և մյուս հարցերը:
Նախարարը կարևորել է նաև արտակարգ իրավիճակների դեպքում հոգեբուժական հաստատություններում տարհանման պլանների առկայության հարցը: Արմեն Մուրադյանը հանձնարարել է ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչությանը` երկուշաբթի օրվանից սկսած` յուրաքանչյուր շաբաթ այցելել բոլոր հոգեբուժական հաստատություններ, կատարել մշտադիտարկում , պլանային ստուգումներ և ներկայացնել գրավոր հաշվետվություն:
Նշվել է, որ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված հատուկ հանձնաժողովն արդեն իսկ ուսումնասիրություններ է կատարում` աշխատանքներն սկսելով Սևանի հոգեբուժական հիվանդանոցում։ Մասնագիտական ուսումնասիրություններ են իրականացվել նաև «Ավան», «Նորք» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոններում` ուշադրության կենտրոնում պահելով դեղերի շրջանառությունը, այդ ուղղությամբ գործող նորմերի ապահովումը։
Քննարկվել են նաև հոգեբուժական հաստատությունների ֆինանսական ու վարչական խնդիրները։ Հանձնարարվել է ուսումնասիրությունների ընթացքում անդրադառնալ հոգեբուժարանների զարգացման ծրագրերին ևս։