3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աղոթքով ու հոգեհանգստյան կարգով Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում հարգեցին ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակը: Հունիսի 12-ին Մարգարյանը կդառնար 63 տարեկան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընկերոջ հիշատակը հարգելու համար պանթեոնում էին Հայաստանի քաղաքական էլիտան` Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: «Կան անձինք, ում նմանվում է հասարակությունը: Դրանցից մեկն էլ Անդրանիկ Մարգարյանն է: Նա լուրջ քաղաքական գորիծիչ էր եւ փորձում էր բոլորին հասկանալ, լսել, վճռական էր որոշում կայացնելու հարցում, եւ դա էր պատճառը, որ քաղաքական բոլոր թիմերի հետ փորձում էր հաշտ աշխատել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Մարտական ընկեր Վազգեն Կարախանյանի գնահատմամբ էլ, Անդրանիկ Մարգարյանի ողջ գիտակցական կյանքն անցել է պետության, հայրենիքին եւ ազգին նվիրաբերվելու ոգով: «Նա եզակի հայերից է, որ երբեք հայրենասիրության առումով արձակուրդ չգնաց: Նա իր գործունեությունը նվիրեց պետությանը, ազգին: Հազվագյուտ մարդկանցից էր, որին ժողովուրդը սիրում էր»,-ասաց Կարախանյանը:
Անդրանիկ Մարգարյանը ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2000-2007թթ-ին: Հայկական քաղաքական կյանքի մեջ է ընդգրկվել դեռ 1965թ-ից: 1968թ-ից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, 1973-ից` ԱՄԿ խորհրդի անդամ: 1974-ին ձերբակալվել է եւ դատապարտվել երկամյա բանտարկության` խորհրդային վարչակարգի դեմ պայքարելու մեղադրանքով: 1992թ-ին անկախ Հայաստանում դարձել է երկրի առաջին գրանցված կուսակցության անդամ, որի խորհրդի նախագահն էր 1993-ից մինչև իր մահը. 1993-1997 եւ 1998-2005թթ.` ՀՀԿ խորհրդի նախագահ: 1997-98-ին եւ 2005-ին ընտրվել է ՀՀԿ նախագահ, 1998-ից Երկրապահ կամավորական միության անդամ, այնուհետև` ԵԿՄ վարչության անդամ:
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ, պետականության կայացման եւ տնտեսության զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով: Պարգեւատրվել է նաև ՀՀ ՊՆ «Վ. Սարգսյան», «Գ. Նժդեհ» մեդալներով, ԵԿՄ «Վ. Սարգսյան» շքանշանով, ՀՀ Ոստիկանության «Արամ Մանուկյան» մեդալով, Ֆ. Նանսենի հիմնադրամի «Ֆ. Նանսեն» մեդալով:
Անդրանիկ Մարգարյանը մահացել է 2005թ. մարտի 25-ին: