Քաղաքականություն

Թուրքիան անհանգստացած է Իսրայելի նոր հայամետ նախագահի ընտրվելու կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

Թուրքիան անհանգստացած է Իսրայելի նոր հայամետ նախագահի ընտրվելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի նոր նախագահի պաշտոնում Կնեսետի կողմից Ռուվեն Ռիվլինի ընտրությունը լրջորեն անհանգստացրել է Թուրքիային: Ռիվլինի` նախագահի պաշտոնում ընտրվելու լուրը թուրքական մամուլում, որպես կանոն, զուգորդվել է նրա հայանպաստ գործունեության, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ իր կոշտ դիրքորոշման մասին հիշեցումներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական Haberler.com-ը գրել է, որ Կնեսետում Ռիվլինի նախագահության շրջանում մշտապես օրակարգային հարցերի շրջանակում է եղել Հայոց ցեղասպանության հարցը:

2011 թվականի դեկտեմբերին, երբ Կնեսետում քննարկումներ էին իրականացվում 1915 թվականի իրադարձությունները Ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ, Ռիվլինը հանդես էր եկել հայտարարությամբ` նշելով, որ որպես ցեղասպանություն տեսած, 6 միլիոն մարդ կորցրած ժողովուրդ, իրենք չեն կարող անտեսել հայերի ապրած ցավերը: Իսկ 2012 թվականի քննարկումներում Ռիվլինը հայտնել էր, որ իրենք չեն թիրախավորում թուրքական կառավարությանը կամ Թուրքիային:

Իսրայելի նոր նախագահը հայտնի է նաև «Մավի Մարմարա» նավի գործում իր ունեցած խիստ դիրքորոշմամբ: Մասնավորապես, նա բազմիցս կտրականապես դեմ է արտահայտվել Թուրքիայից ներողություն խնդրելու հարցում: «Մավի Մարմարայի» դեպքերից հետո առաջին անգամ 2013 թվականին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջնորդությամբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցից հետո Ռիվլինն ասել էր. «Քանի որ մեզ անհրաժեշտ են ռազմավարական հարաբրություններ, կարելի է հասկանալ «Մավի Մարմարայի» հարցով Թուրքիայից ներողություն խնդրելը: Սակայն նույն պատճառներով Հայոց ցեղասպանության ժխտումն ընդունելի չէ»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում