Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դե ֆակտո խաղաղություն է
1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման եզակի հնարավորություն են ստեղծում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Բայրամովը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, հնարավորություն են ստեղծում տարածաշրջանում ապահովելու կայուն խաղաղություն, անվտանգություն և բարեկեցություն։
Բայրամովը հայտնել է նաև, որ Լավրովի հետ քննարկումների ընթացքում ռուս գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի ընթացիկ վիճակի մասին։
«Այսօր վստահությամբ կարելի է ասել, որ Բաքվի և Երևանի միջև դե ֆակտո խաղաղություն գոյություն ունի»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը։