Քաղաքականություն

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն

2 րոպեի ընթերցում

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։

Նախագահը շնորհավորել է դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և ի դեմս նրա՝ նախագահ Էմանուել Մակրոնին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, մաղթելով խաղաղություն, հաջողություն ու բարօրություն:

Ընդգծելով հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների հանգամանքը՝ ի թիվս այլ հարցերի, Հանրապետության նախագահը հատուկ անդրադարձել է բարձրաստիճան այցերի կարևորությանը՝ հիշատակելով ընթացիկ տարվա մայիսին հաջողությամբ պսակված Նախագահ Մակրոնի պետական այցը Հայաստան, որը նոր լիցք ու բովանդակություն հաղորդեց երկկողմ օրակարգին:

Կողմերը քննարկել են Սյունիքի մարզում Ֆրանսիայի կողմից իրականացվող ծրագրերը՝ թե՛ կենտրոնական, թե՛ տեղական իշխանությունների մակարդակով, ինչպես նաև կարևորվել է համագործակցության խորացումը ռազմարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում:

Նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացին՝ հատուկ կարևորելով Ֆրանսիայի դերակատարությունն այդ օրակարգում:

Հանդիպման ավարտին դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել Հանրապետության նախագահի այցելության, բարեմաղթանքների և երկկողմ հարաբերությունների խթանման գործում ցուցաբերվող աջակցության համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում