Պաշտոնական

Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Ավստրիա

3 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Ավստրիա

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան պաշտոնական այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն: Այցի շրջանակներում նախատեսվում են Հայաստանի և Ավստրիայի նախագահներ Սերժ Սարգսյանի և Հայնց Ֆիշերի առանձնազրույցը, ապա՝ պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին կստորագրվեն մի շարք ոլորտներում հայ-ավստրիական համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր: Հայաստանի և Ավստրիայի նախագահները բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Վիեննայում Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա նաև Ավստրիայի ազգային խորհրդի նախագահ Բարբարա Պրամմերի, դաշնային վարչապետ Վերներ Ֆայմանի, Վիեննայի քաղաքապետ Միքայել Հոյփլի, Վիեննայի արքեպիսկոպոս, Ավստրիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ կարդինալ Քրիստոֆ Շոնբորնի հետ: Սերժ Սարգսյանը կայցելի Ավստրիայի դաշնային տնտեսական պալատ, որտեղ Նախագահ Հայնց Ֆիշերի հետ կմասնակցի հայ-ավստրիական տնտեսական համաժողովի բացմանը, իսկ մինչ այդ հանդիպում կունենա պալատի նախագահ Քրիստոֆ Լայթլի հետ:

Հայաստանի Նախագահը Վիեննայում տեղակայված ՄԱԿ-ի տարածաշրջանային կենտրոնակայանում հանդիպումներ կունենա Կազմակերպության ներկայացուցիչների՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Կազմակերպության Վիեննայի գրասենյակի և Թմրամիջոցների ու հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ղեկավար (UNODC) Յուրի Ֆեդոտովի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) գլխավոր տնօրեն Լի Յոնգի, Միջուկայի զենքի փորձարկման համապարփակ արգելման համաձայնագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի (CTBTO) գործադիր քարտուղար Լասինա Զերբոյի, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (IAEA) գործադիր տնօրեն Յուկիյա Ամանոյի հետ:

Սերժ Սարգսյանը կմասնակցի Վիեննայում «Հայաստան» բազմագործառույթ (տնտեսական, ֆինանսական, մշակութային, տեղեկատվական) կենտրոնի բացմանը ևս:

Այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը նաև հարգանքի տուրք կմատուցի ավստրիացի գրող և հումանիստ Ֆրանց Վերֆելի հիշատակին՝ այցելելով և ծաղկեպսակ դնելով նրա հուշարձանին, Սբ. Հռիփսիմե Հայ Առաքելական եկեղեցում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղիկներ կդնի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիրին: Նախատեսված է նաև Սերժ Սարգսյանի այցելությունը Վիեննայի Մխիթարյան միաբանություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում