Մշակույթ

«Ժամանակակիցը» խորագրով երեկոն կնվիրվի Շառլ Ազնավուրի 90-ամյակին

3 րոպեի ընթերցում

«Ժամանակակիցը» խորագրով երեկոն կնվիրվի Շառլ Ազնավուրի 90-ամյակին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Նարեկացի» արվեստի միությունից` «Նարեկացի» համույթը` միության նախաձեռնությամբ, հունիսի 20-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա ինքնատիպ համերգային ծրագրով:

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 90-ամյա հոբելյանի կապակցությամբ «Նարեկացի» համույթը «Ժամանակակիցը» խորագրի ներքո կներկայացնի Ազնավուրի ստեղծագործությունները` փոխադրված ազգային նվագարանների համար: Հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելել նրա ստեղծագործությունները ազգային նվագարանների քաղցր հնչյունների միջոցով:

Շառլ Ազնավուրի ստեղծագործությունների հետ մեկտեղ համերգային ծրագրում կհնչեն Ալեքսանդր Հարությունյանի, Արամ Խաչատրյանի, Մանվել Բեգլարյանի, Ռուբեն Ալթունյանի, Գևորգ Մանասյանի, ինչպես նաև Սայաթ-Նովայի և Կոմիտասի ստեղծագործությունները: Համերգային ծրագրին կմասնակցի Մարիաննա Պողոսյանը:

Հուլիսի 25-27-ին «Նարեկացի» համույթը նույն համերգային ծրագրով հանդես կգա նաև Արցախում, մասնավորապես, Շուշիում, Ստեփանակերտում և Բերձորում:

«Նարեկացի» համույթը կազմավորվել է 2008 թվականին` Հովիկ Սահակյանի գլխավորությամբ, ով այժմ համույթի գեղարվեստական ղեկավարն է: Համույթն իր կարճ գործունեության ընթացքում հասցրել է իր ուրույն տեղը գտնել մեր մշակութային կյանքում: Այն կազմված է 21 երիտասարդ գործիքային և 3 վոկալ կատարողներից, որոնց մեծ մասը տարբեր միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրներ է:

Համույթը մասնակցել է բազմաթիվ փառատոնների, համերգներով հանդես է եկել Հայաստանում, Արցախում և Եվրոպայի տասնյակ քաղաքներում: Համույթն իր առաջին ձայնասկավառակը, որն արժանացավ Ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Լավագույն ժողովրդական ալբոմ» պատվավոր մրցանակին, թողարկել է 2010 թ.-ին: Նույն տարում կայացել է համույթի առաջին մեծ շրջագայությունը Եվրոպայում՝ Ֆրանսիայում և Շվեյցարիայում:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Այս տարի լրացել է անվանի գործչի 90-ամյա հոբելյանը, որի առթիվ աշխարհի տարբեր ծայրերում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: Տարբեր երաժիշտներ կշնորհավորեն լեգենդին` հոբելյանի կապակցությամբ:

Լեգենդար երգչն այս տարի համերգներ ունի աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում` հանդես է եկել նաև Հայաստանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում