«Բարձրացրու ձայնդ, ոչ թե ծովի մակարդակը». հունիսի 5-ը բնապահպանի օրն է
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլոր երկրների առջև ծառացած գլոբալ խնդիրներն են կլիմայի փոփոխությունը, կենսաբազմազանության կորուստն ու անապատացումը կամ հողերի դեգրադացիան: Բնապահպանի և շրջակա միջավայրի պահպանության օրվա 2014 թվականի կարգախոսն է «Բարձրացրու ձայնդ, ոչ թե ծովի մակարդակը»: Այս մասին օրվան ընդառաջ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ Աշոտ Վարդևանյանը: «Խոսելով կլիմայի փոփոխության մասին`պետք է նշեմ, որ այն ինքն իրենով չի փոխվում, այստեղ մեծ է մարդու ազդեցությունը, քանի որ էկոհամակարգն ինքն իրենով ինքնավերականգնվող է: Բայց մարդկային գործունեության ազդեցությունն այնքան մեծ է, որ ինքնավերակագնումը հնարավոր չի լինում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց պաշտոնյան:
Հայաստանում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր` նշվյալ բոլոր խնդիրների լուծման համար: «Ներկայում մշակվում է ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի իրականացման մասին հերթական ազգային զեկույցը, ինչպես նաև կենսաբազմազանության մասին ազգային զեկույցը»,-նշեց Աշոտ Վարդևանյանը:
Բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վոլոդյա Նարիմանյանն էլ ողջունելի է համարում այն, որ այս տոնի շրջանակներում ջրային ռեսուրսների կառավարմանը ևս անդրադարձ է կատարվում: «Դա նշանակում է, որ ջրային ռեսուրսների կառավարման հարցը դիտարկվում է ջրային էկոհամակարգի պահպանության համատեքստում, ինչը համաշխարհային միտում է»,-ասաց նա:
Խոսելով կեղտաջրերի ու դրանց թողած ազդեցության մասին` Նարիմանյանը նշեց, որ հանրապետությունում տարեկան առաջանում է մոտ 300-350 միլիոն խորանարդ մետր կեղտաջուր: «Ի ուրախություն մեզ` Խորհրդային Միության փլուզումից հետո այդ կեղտաջրերի որակական կազմը արտադրական-արդյունաբերականից ձևափոխվել է ու դարձել կոմունիալ-կենցաղային: Դրանք, ունենալով կենսաբանական աղտոտվածություն, լցվում են գետ, ժամանակի և տարածության ընթացքում ենթարկվում ինքնամաքրման»,-ասաց նա:
Վոլոդյա Նարիմանյանի հավաստամբ` արդեն երկուսից երեք տարի է, ինչ նախաձեռնվել ու իրականացվում են կենսաբանական մաքրման կայանների վերականգնման աշխատանքները: «Իհարկե, փուլային են իրականանցում այդ աշխատանքները: Ներկայում շարունակվում են աշխատանքները Դիլիջանի և Ջերմուկի մաքրման կայանների վերականգնման ուղղությամբ, ինչպես նաև Ֆրանսիայի կողմից տրամադրված վարկի շրջանակներում աշախատանքներ պետք է կատարվեն Երևանի ավիացիայի կենսամաքրման կայանների վերականգնման ուղղությամբ»,-հայտնեց պաշտոնյան:
Հունիսի 5-ը որպես շրջակա միջավայրի պահպանության օր սկզբնավորվեց 1972 թվականից, երբ Ստոկհոլմում կայացավ շրջակա միջավայրի հարցերին նվիրված համաժողով: Այդ օրը հետագայում ՄԱԿ-ը ճանաչեց շրջակա միջավայրի պահպանության օր:
2004 թվականին էլ ՀՀ կառավարության որոշմամբ հունիսի հինգը դարձավ բանապահպանի օր: