Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որ մեր երեխաները մեծանան առողջ մարմնով և հոգով. Արմեն Մուրադյան
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առղոջապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ուղերձում ասված է.
«Սիրելի փոքրիկներ, ամենաջերմ սիրով ու ամենաբարի ցանկություններով շնորհավորում եմ ձեզ և ձեր ծնողներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։ Շատ առիթներով ենք շեշտում, որ երեխաները մեր ապագան են։ Իսկապես, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Սակայն մինչ ապագան, մենք պարտավոր ենք ամենօրյա հոգատարությամբ ու ջերմությամբ շրջապատել նրանց, անել ամեն ինչ, որ մեր երեխաները մեծանան առողջ մարմնով և հոգով։
Որպես բժիշկ և առողջապահության նախարար, անշուշտ, համարում եմ, որ երեխաների պաշտպանությունը սկսվում է նրանց առողջության պահպանումից։ Մեր երկրում մոր ու մանկան առողջության պահպանումը կառավարության գերակայություններից է, և այդ ուղղությամբ բազմաթիվ արդյունավետ ծրագրեր են իրականացվում։ Այսօր մեծապես կարևորում ենք առողջ ապրելակերպը և վաղ հասակից այն կենսակերպ դարձնելը, ինչը ողջ կյանքի ընթացքում առողջության ամենալուրջ գրավականն է։
Խորհրդանշական այս օրը երեխաներին մաղթում եմ ամուր առողջություն և ցանկանում, որ նրանք ունենան երջանիկ ու անհոգ մանկություն, մեծանան սեփական առողջությունը գնահատելու կարողությամբ և, իհարկե, պաշտպանված լինեն բոլոր փորձություններից»։
Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Օրն ազդակ է բոլոր մարդկանց ու, հատկապես` ծնողներին, որ երեխաները հասարակության խոցելի խմբերից են և պահանջ ունեն ամենօրյա ուշադրության, սիրո և պաշտպանության:Երեխաների պաշտպանության օրը սահմանվել է 1925 թվականին Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: 1949-ին Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950-ին: Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թվականին, որից հետո 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: Մեր երկրում ամեն տարի իրականացվում են տարբեր միջոցառումներ` նվիրված երեխաների պաշտպանության օրվան: Հունիսի 1-ը նշում են գրեթե բոլոր հետխորհրդային երկրները, բացի դրանից, վերջին տարիներին այս օրվան են միացել նաև եվրոպական երկրներ, ԱՄՆ մի շարք նահանգներ: