Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելու Սերժ Սարգսյանի նախաձեռնությունն ուժեղ քայլ է. թուրքագետների կարծիքներ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանի` Թուրքիայի նախագահին Ցեղասպանության 100-րդ տարելիցին Երեւան հրավիրելու հայտարարությունը շատ ուժեղ քայլ էր, որի շնորհիվ հայկական կողմը ոչ միայն ամրապնդում է իր դիրքերն, այլեւ աշխարհին ցույց է տալիս իր կառուցողական դիրքորոշումը: ՀՀ ԳԱ ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի գնահատմամբ, նախագահի հայտարարությունն ուժեղ քայլ էր: «Արմենպրես»-ի հետ զրույցում թուրքագետը կարծիք հայտնեց, որ երկու պարագայում էլ՝ Թուրքիայի նախագահը կհամաձայնի կամ ոչ, Հայաստանը կհայտնվի շահեկան դիրքերում: «Սակայն հաշվի առնելով Թուրքիայի դիրքորոշումն ու այդ երկրի անփոփոխ վերաբերմունքը Հայաստանի եւ հայկական հարցի վերաբերյալ, կարծում եմ, որ Թուրքիայի նախագահը չի ընդունի հրավերն ու այցելի Հայաստան: Իսկ Հայաստանն աշխարհին եւս մեկ անգամ կարող է ցույց տալ, թե Թուրքիան որքան հետ է մնացել իր գաղափարներով եւ չի կարողանա ոտք մեկնել ժամանակակից աշխարհի հետ: Թուրքիան հերթական անգամ կապացուցի, որ չի կարողանում ճիշտ գնահատել իրողությունները»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը: Դեռեւս 1991թ. երբ թուրք լրագրողների մի խումբ առաջին անգամ ապրիլի 24-ին այցելեց Ծիծեռնակաբերդ, բազմիցս գրվեց, որ չի կարելի անտեսել մի ժողովրդի, որ ամեն տարի իր զոհերի հիշատակման օրը գնում է Ծիծեռնակաբերդ ու պետք է ամաչել այդ ժողովրդի հանդեպ կատարածից:

Հրավերն ու հայտարարությունն այլ տեսանկյունից է դիտարկում թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Նրա գնահատմամբ, հրավերի համար պահը հարմար չէ, քանի որ հրավերք անելով պետք է ակնկալել նաեւ պատասխան: «Որեւէ հրավեր անելուց պատասխան է ակնկալվում: Թուրքիայի ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլի պաշտոնավարման ժամկետը լրանում է, եւ նա չի կարող արձագանքել Սարգսյանի հրավերին: Նոր նախագահն էլ հայտնի չէ, թեկնածուներն էլ չեն կարող արձագանքել, թեպետ բոլորն էլ կարծում են, որ նախագահ կընտրվի ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով չի արձագանքի հայտարարությանը, որովհետեւ բազմիցս հայտարարել է, որ Ցեղասպանություն չի եղել, որովհետեւ մահմեդականն ի վիճակի չէ Ցեղասպանություն իրագործել»,- ասաց Հակոբ Չաքրյանը՝ հավելելով, որ մինչ օրս Թուրքիայում բուռն կերպով արձագանքում են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությանը, որ 2015թ. ապրիլի 24-ին Երեւանում է լինելու: Թուրքերը սա չեն կարողանում մարսել եւ կառչած են Ցեղասպանության ժխտողականությունից: Չաքրյանը հիշեցնում է, որ երկու երկրները ստորագրել են հայ-թուրքական արձանագրությունները, որոնք Թուրքիան վիժեցրել է անգամ այն պարագայում, երբ մեծ տերություններն այդ առումով ցուցաբերում էին հետաքրքրություն: «Եթե անգամ Էրդողանը ցանկանա գալ Երեւան, չի կարող, որովհետեւ Հայոց ցեղասպանության ժխտողությանության եւ Հայաստանի հետ հարաբերությունի հարցն ազգային խնդիր է, որն իրագործվում է պետական քաղաքականությամբ եւ դրա վրա կառավարությունների ազդեցությունը մեծ չի լինում: 1991թ. անփոփոխ է մնում Թուրքիայի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ: Բազմաթիվ կառավարություններ են փոխվել, սակայն դիրքորոշումը մնացել է նույնը»,- ասաց Չաքրյանը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահին հրավիրել է Հայաստան 2015թ. ապրիլի 24-ին: Նախագահն այս հայտարարությունն արել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստին: «Եթե Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտությունը, ուրեմն նրանք պետք է գան Հայաստան և ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին: Չեմ կարծում, թե դրանից հետո նրանք արխիվներ այցելելու մասին միտք հնչեցնել կկարողանան: Օգտվելով այս առիթից` պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի Նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց Ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին»,- հայտարարել է ՀՀ նախագահը:

Հայերեն English Русский

Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա

Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում

Ընտրակաշառքի գործով կալանավորվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը

Հայաստանը ԵԱՏՄ-ում բարեխղճորեն կատարում է իր պարտավորությունները, նրա անդամակցությունը սառեցնելու հարց չի դիտարկվում. Օվերչուկ

Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները

Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին

ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի սերտ գործակցությունը. Գևորգ Մանթաշյան

Մարդկային բոլոր զգացմունքներն ու ապրումները՝ «Քրջի բազար»-ում. ԵԹԿՊԻ ուսանողները փայլուն ներկայացան վերբատիմ թատրոնի ժանրում

Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ