Հասարակական

Պուշկինի դպրոցն իր շրջանավարտ նախարար Արմեն Մուրադյանին ընդունեց ջերմությամբ

5 րոպեի ընթերցում

Պուշկինի դպրոցն իր շրջանավարտ նախարար Արմեն Մուրադյանին ընդունեց ջերմությամբ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մայիսի 23-ին ներկա գտնվեց «Վերջին զանգի» տոնական միջոցառման Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում: Նախարարի համար դպրոցի ընտրությունը պատահական չէր. նա էլ իր առաջին քայլերը սկսել էր հենց այս դպրոցից: «Թույլ տվեք ողջունել իմ կրթական մայր օջախին` Պուշկինի անվան դպրոցին, և հույս հայտնել, որ երկար տարիներ, տարբեր սերունդներ իրավունք կունենան այստեղ գալ և ձեզ ներկայանալով ասել. «Այո, ես ավարտել եմ այս դպրոցը և իմ հիմնական կրթական հաջողությունները սկսել են հենց այստեղից»»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ողջունելով միջոցառման մասնակիցներին, նշեց Մուրադյանը:

Նա ասաց, որ առանց հուզմունքի չի կարող շրջանցել այն ապրումները, որոնք արթնանում են այս դպրոց մտնելիս: «Բազմաթիվ ուսուցիչների անուններ, դասասենյակներ, միջանցքներ մեկ ակնթարթում վերհիշելով` մեկ անգամ ևս հաստատում են իմ խորը երախտագիտությունը այս կրթօջախի հանդեպ»,- ասաց նախարարը` մեկ առ մեկ հիշելով բոլոր այն ուսուցիչների անունները, ովքեր տարբեր տարիներին դասավանդել են իրեն:

Նա հույս հայտնեց, որ ուր էլ այս դպրոցի շրջանավարտները գնան, ինչ հաջողությունների էլ հասնեն, չեն կորցնի այն մարդկային տեսակը, որի ձևովորման գործում իր մեծ ներդրումն ունի Պուշկինի անվան դպրոցը: «Անսպառ բարություն, հանդուրժողականություն եմ մաղթում: Եվ որպես բժիշկ` ցանկանում եմ, որ լինեք նաև առողջ»,- ասաց նախարարը: Նա նաև պատմեց, որ հետագայում, բժշկության մեջ առաջին քայլերն անելիս, ավարտական դասարաններում ստիպված է եղել կրթություն ստանալ այլ դպրոցում` հեռակա ուսուցմամբ և աշխատել Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում որպես սանիտար:

Տոնական միջոցառման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Մուրադյանը պատմեց, որ դպրոցն ավարտել է 1988 թվականին:«Հիշողությունները ոչ միայն շատ ջերմ են, այլև հուզիչ ` հաշվի առնելով, որ այսօր այստեղ ներկա էին ոչ միայն շրջանավարտները, այլև նրանց ծնողները, որոնցից շատերին ես ճանաչում եմ»,- տպավորություններով կիսվեց Մուրադյանը` ավելացնելով, որ իր ծնողների հետ կապված շատ ջերմ հիշողություններ միանգամից առաջացան, երբ մտավ դպրոց: «Այս դպրոցը իր պատմության մեջ բազմաթիվ սերունդներ է դաստիարակել և կրթել, և նրանք այսօր հաջողությամբ աշխատում են Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Շրջանավարտները` կամ այլ կերպ ասած` «պուշկինոսֆերան» անշուշտ իր ուրույն տեղն ունի մեր քաղաքում արժեքներ ձևավորելու գործում: Ես հպարտությամբ եմ հիշում իմ դպրոցը, դասարանցիներին, ուսուցիչներին և այն ժամանակահատվածը, երբ հաճախ ուզում էի դպրոցից շուտ դուրս գալ, փախչել դասերից, բայց այսօր մի պահ ինձ բռնեցի այն մտքի վրա, որ այս շենքից դուրս գալ չեմ շտապում»,- հավելեց նախարարը:

Նրան և շրջանավարտներին իրենց ողջույնի խոսքը ուղղեցին նաև առաջին դասարանցիները` ասելով, որ պուշկինցին հավատարիմ պետք է մնա իր սկզբունքներին:

Դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանն, ուղղելով իր խոսքը շրջանավարտներին, նշեց, որ ավարտվում է կրթություն ստանալու գործընթացն այս դպրոցում, սակայն չի ավարտվում գիտելիքների ձեռքբերման կարևոր գործընթացը: «Ես համոզված եմ և հավատում եմ, որ ուր էլ լինեք, որտեղ էլ սովորեք, կշարունակք հարստանալ մեր գիտելիքներով: Կշարունակեք նորի և կատարյալի ձեր որոնումները»,- ասաց Ստեփանյանը` հույս հայտնելով, որ առաջիկայում ականատես կլինեն աշակերտների նոր հաջողություններին և հաղթանակներին:

Նախարարը դպրոցի տնօրենի, ինչպես նաև փոխտնօրեն Մարիետա Մատղաշյանի ուղեկցությամբ շրջեց դպրոցով` ծանոթացավ ժամանակակից տեխնիկայով հագեցած գրադարանին:Տոնական միջոցառմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետիառաջին տեղակալԿամոԱրեյանը: Միջոցառման ընթացքում ընթերցվեց նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը շրջանավարտներին:

Պուշկինի անվան միջնակարգ դպրոցն այս տարի ավարտեց 126 շրջանավարտ` 9-րդ դասարանցի, ովքեր իրենց ուսումը կշարունակեն ավագ դպրոցում: Բացառության կարգով տոնական միջոցառմանը ավարտական դիպլոմ հանձնվեց աշակերտ Վիլեն Մնացականյանին, ով մեկնելու էր արտերկիր: Նա ուսուցիչների գնահատմամբ` միշտ բարձր է պահել դպրոցի պատիվը:Ցերեկույթը ավարտվեց կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի հեղինակած «Ангел-хранительмой» երգով, որին զուգընթաց ցուցադրվեցին կադրեր դպրոցի անցած ուղուց: Շրջանավարտներից շատերը իրենց «Վերջին զանգ»-ը դիմավորեցին արցունքներն աչքերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում