Արմեն Մուրադյանն այցելել է «Ավան» հոգեկան առողջության և «Նորք» հոգեբուժական կենտրոններ
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մայիսի 18-ին այցելել է «Ավան» հոգեկան առողջության և «Նորք» հոգեբուժական կենտրոններ։ Ամենուր նախարարը ծանոթացել է բուժհիմնարկների պայմաններին ու նյութատեխնիկական հագեցվածությանը, իրականացվող ծառայությունների ծավալներին, զրուցել է բուժաշխատողների և բուժվողների հետ։Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից,Արմեն Մուրադյանը հանձնարարել է վերջիններիս կողմից բարձրացված խնդիրներին օրենքով սահմանված կարգով արագ լուծումներ տալ։ Նախարարը բժիշկների հետ քննարկել է հոգեկան առողջություն ունեցողների արդյունավետ բուժման հնարավորություններն ու խոչընդոտները։
Բուժհիմնարկներում անցկացրած խորհրդակցությունների ընթացքում բժիշկների հետ քննարկվել են առկա խնդիրները։ Նախարարին տեղեկացվել է, որ հատկացվող սուղ ֆինանսները չեն բավարարում անհրաժեշտ սարքավորումներ և գույք ձեռք բերելու, ինչպես նաև նվազագույն անհրաժեշտ ծախսերը հոգալուն։
Արմեն Մուրադյանը մտահոգիչ է համարել այն խնդիրը, որ «Ավան» հոգեկան առողջության և հոգեբուժական կենտրոնների տարածքները չափազանց մեծ են և օգտագործվում է դրանց 30-40 տոկոսը։ Նախարարը շեշտը դրել է նաև այն հանգամանքի վրա, որ նեղ մասնագիտացված բուժհիմնարկներում հերթապահող բուժանձնակազմը պատշաճ մակարդակով չի տիրապետում իր նեղ մասնագիտությունից դուրս շտապբուժօգնության և վերակենդանացման հմտություններին։ Որոշ դեպքերում դրա համար անհրաժեշտ բուժսարքավորումները ևս բացակայումեն։
«Նորք» հոգեբուժական կենտրոնում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգեբուժության ամբիոնի ղեկավար ԱրմենՄելիք-Փաշայանը ներկայացրել է, որ նշված լրացուցիչ հմտություններին հոգեբույժները վերջին անգամ ծանոթացել են ուսանելու տարիներին և բարձրացրել է մասնագետների` հինգ տարին մեկ կազմակերպվող վերապատրաստման դասընթացների ծրագրում ընդգրկել կրթական այդ ծրագրերը։
«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում Արմեն Մուրադյանն առաջին հերթին տեղում ծանոթացել է մայիսի 5-ին այս բուժհիմնարկում արձանագրված մահվան դեպքի հետ կապված մանրամասներին։ Հանգամանալից անդրադարձել է անցած օրերի ընթացքում ծառայողական քննության արդյունքներին և հանձնարարել է քննությունն ավարտել հնարավորինս սեղմ ժամկետում։ Նախարարը նաև հանձնարարել է ճշտել, թե, արդյո՞ք, իրականացվում են գործող բոլոր չափորոշիչները և հանձնարարել է մշակել նոր չափորոշիչներ, այդ թվում՝ կլինիկական։