Մշակույթ

Շառլ Ազնավուրի ծննդյան օրը հայրենիքում կնշվի յուրահատուկ համերգով

2 րոպեի ընթերցում

Շառլ Ազնավուրի ծննդյան օրը հայրենիքում կնշվի յուրահատուկ համերգով

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի ծննդյան օրը Հայաստանում կնշվի տոնական համերգով: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն այդ հատկանշական օրը`մայիսի 22-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում յուրահատուկ երեկո կնախաձեռնի` նվիրված էստրադայի լեգենդի 90-ամյա հոբելյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՊՖՆ մամլո ծառայությունից, համերգին կմասնակցեն ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահարուհի Մարինե Աբրահամյանըև միջազգային մրցույթների դափնեկիրերգչուհի Էվա Ոսկանյանը: Կհնչեն ֆրանսիացի և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, նաև Էվա Ոսկանյանի հեղինակային երգերը:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Հայաստանի դեսպանն է Շվեյցարիայում, ինչպես նաև Հայաստանի մշտական ներկայացուցիչը Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում:

Այս տարի լրանում է անվանի գործչի 90-ամյա հոբելյանը, որի առթիվ աշխարհի տարբեր ծայրերում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: Տարբեր երաժիշտներ կշնորհավորեն լեգենդին` հոբելյանի կապակցությամբ:

Շառլ Ազնավուրը մայիսի 12-ին եզակի համերգով հանդես եկավ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` աննկարագրելի րոպեներ պարգևելով ներկաներին: Այնուհետև հաջորդ օրը լեգենդար երգիչը մասնակցեց «Հայակ» մրցանակաբաշխությանը և արժանացավ Ռուբեն Մամուլյանի անվան հատուկ մրցանակին` համաշխարհային կինոյում ունեցած մեծ ներդրման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում