Միջազգային

Հալեպը ցնցվել է երկրաշարժի ուժգնությամբ պայթյուններից

2 րոպեի ընթերցում

Հալեպը ցնցվել է երկրաշարժի ուժգնությամբ պայթյուններից

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպն ապրիլի 27-ի առավոտյան ցնցվել է մի քանի ուժգին պայթյուններից: Պայթյունները որոտացել են Հին Հալեպի շրջաններում, Ալաքաբե, Սաբաա Բահրաթ թաղամասերում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Սաբաա Բահրաթ թաղամասում պայթյունից հիմնահատակ ավերվել է արդյունաբերական շենքը: Երկրաշարժի ուժգնությամբ պայթյունը ցնցել է նույնիսկ հայաշատ թաղամասերը: Բացի այդ ամբողջությամբ ավերվել է էլեկտրականության փոխարկիչ մի կենտրոն:

Պայթյուններին հաջորդել են զինված բախումները սիրիական բանակի և զինված խմբավորումների միջև: Ժամեր տևած բախումների հետևանքով տասնյակ զինյալներ են սպանվել: Սիրիական բանակը ծանր գործողություններ է ծավալել զինյալների վերահսկողության տակ գտնվող շրջաններում, ինչպես նաև փորձում է կասեցնել նրանց ներթափանցումը կառավարամետ շրջաններ:

Մյուս կողմից` զինված խմբավորումները շարունակել են տասնյակ հրթիռներ և ռումբեր արձակել Հալեպի Ժդիյդե, Բութան Գըլափ, Բարոն Պանդոկի, Ալ Մունշիե, Բաբ ալ Ֆարաջ և այլ շրջանների ուղղությամբ: Ռմբակոծությունների և կրակոցների հետևանքով զոհվել են մոտ 24 քաղաքացի և ավելի քան 52 հոգի վիրավորվել են: Բարեբախտաբար, այժմ հայաշատ թաղամասերը ռազմական գործողությունների դաշտում չեն գտնվում:

Պատերազմական ծանր իրավիճակի պատճառով Հալեպն արդեն տասն օրից ավելի հոսանքազրկված է:

ՄԱԿ-ի տվյալներով , Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: Զոհված հայերի թիվը գերազանցել է 90-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում