ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը հնարավոր է դառնա «Հայակ» ազգային մրցանակաբաշխության պատվավոր հյուրը: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամլո պատասխանատու Ռուզաննա Բագրատունյանը: «Նախնական պայմանավորվածության համաձայն` Ազնավուրը կմասնակցի «Հայակ»-ին, սակայն սա դեռ վերջնական չէ»,- նշեց Բագրատունյանը:
«Հայակ» մրցանակաբաշխությունն այս տարի կանցկացվի մայիսի 13-ին: Բացի այդ, Շառլ Ազնավուրն անակնկալ կմատուցի իր հայաստանաբնակ երկրպագուներին: Լեգենդար երգիչը մայիսի 12-ին եզակի համերգով ելույթ կունենա Հայաստանում:
«Հայակ-2014» ազգային կինոյի մրցանակաբաշխությունն այս տարի կներկայանա մի շարք փոփոխություններով: Կինոյի բնագավառի այս խոշոր միջոցառումն այս տարի նվիրվում է համաշխարհային մեծության կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակին: Առաջին անգամ սահմանվել են երկու նոր` Ռուբեն Մամուլյանի և Համո Բեկնազարյանի անվան հատուկ մրցանակներ, որոնք կտրվեն կինոյում ունեցած ներդրման համար:
Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:
Այս տարի լրանում է անվանի գործչի 90-ամյա հոբելյանը, որի առթիվ աշխարհի տարբեր ծայրերում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: Տարբեր երաժիշտներ կշնորհավորեն լեգենդին` հոբելյանի կապակցությամբ: