Հայաստանի բոլոր դպրոցներն ընդգրկված են «Dasaran.am» ցանցում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Dasaran.am» կրթական ծրագիրը չորս տարվա համառ աշխատանքի արդյունքում այսօր արդեն իր ցանցում ընդգրկում է ՀՀ բոլոր 1400 դպրոցները: Կրթական ծրագրի ցանցից օգտվում է 843.300 մարդ` տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ և ծնողներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Dasaran.am» ծրագրի համակարգման գրասենյակից, կրթական ծրագրի աշխատանքային թիմը վերջերս այցելել է Շիրակի և Տավուշի մարզեր՝ տեղի գյուղական համայնքներիի դպրոցների շուրջ 200 ներկայացուցիչների վերապատրաստման գործընթացն իրականացնելու նպատակով: Այցը միտված էր օպերատորների, ուսուցիչների և դպրոցների տնօրենների շրջանում ծրագրի էլեկտրոնային գործիքների վերաբերյալ հմտությունների զարգացմանը:
Ինտերակտիվ մեթոդով իրականացվող վերապատրաստման ընթացքում մասնակիցներին հնարավորություն է տրվել ոչ միայն մանրամասն ծանոթանալ կրթական ծրագրի կողմից ստեղծած էլեկտրոնային գործիքին (ինտերֆեյսին), այլև տեղում՝ համակարգիչների առջև, գործնական առաջադրանքների միջոցով ամրապնդել ստացած տեսական գիտելիքները: Կրթական ծրագիրը տրամադրում է նաև «Dasaran.am»-ից օգտվելու մանրամասն ուղեցույց, ինչպես նաև ապահովում ծրագրի հետագա աշխատանքների սահուն ու անխափան ընթացքը:
Վերապատրաստումներին արդեն իսկ մասնակցել են Երևան քաղաքի և ՀՀ 10 մարզերի շուրջ 36.000 օպերատորներ և ուսուցիչներ:
«Dasaran.am» կրթական ծրագիրը վայելում է ՀՀ ԿԳ նախարարութան և Երևանի քաղաքապետարանի աջակցությունը, իսկ մարզերում համապատասխան գործունեությունն իրականացվում է ՀՀ վարչապետի հավանությամբ: «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ ծրագիրը գործում է անվճար հիմունքերով: