Նիդեռլանդների Ալմելո քաղաքում ապրիլի 24-ին կբացվի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների Ալմելո քաղաքում ապրիլի 24-ին կբացվի Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիր, որը Հայաստանի սահմաններից դուրս առաջինն է` կառուցված հայկական եկեղեցիների սխեմայով: Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցի կապակցությամբ կառուցված հուշահամալիրի հեղինակ-նախաձեռնող Քրիստիան Գելիջին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ի կատար է ածել իր երջանկահիշատակ հայրիկի ցանկությունը ու կառուցել մի հուշահամալիր, որը ոչ միայն հայերին, այլև օտարերկրացիներին կպատմի Հայոց ցեղասպանության մասին: «Հուշահամալիրը ոչ միայն մեր 1.5 միլիոն զոհերի հիշատակին է նվիրված, այլ կոչված է աշխարհում ապրողներին հիշեցնելու, որ նմանատիպ դեպքեր այլևս չպետք է կրկնվեն, ու պետք է խաղաղություն տիրի ամբողջ աշխարհում, բոլոր ազգերի ու կրոնների միջև»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Քրիստիան Գելիջին:
Նրա խոսքով` հուշահամալիրը, որը կառուցվել է Ալմելո քաղաքում գտնվող հայկական եկեղեցու տարածքում, ունի հայկական եկեղեցիների սխեման` 16 սյուների վրա, կառուցվել է հայկական տուֆ քարից, 16 խաչքարերով է:
Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի հավաստմամբ` հուշահամալիրը հայրենասիրական ոգով կթրծի ոչ միայն Ալմելոյի, այլև ողջ Եվրոպայի հայությանը: «Ես ծանոթ եմ Ալմելոյի հայ համայնքին, որը երկար ժամանակ մեծ ճիգ էին գործադրում ու երազում էր ունենալ հայկական եկեղեցի, և այսօր այն կա: Ես մի քանի անգամ պատարագ եմ մատուցել այդ եկեղեցում ու տեսել հայության ջերմեռանդությունը: Կարծում եմ, որ այդ նույն եկեղեցու տարածքում կառուցված հուշահամալիրը կօգնի, որ թե' Ալմելոյի, թե' եվրոպական այլ գաղթօջախների հայ երիտասարդությունն ու սերունդները ավելի շատ տեղեկանան ցեղասպանության մասին»,-ասաց Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը:
Հարցին, թե արդյոք Նիդերլանդներում բնակվող թուրքական համայնքը խոչընդոտներ է առաջացրել հուշարձանի կառուցման ժամանակ` Քրիստիան Գելիջին հավաստեց, որ նմանատիպ խոչընդոտների չեն հանդիպել: «Թուրքական կողմից խոչընդոտներ չեն եղել: Օրենքով` մենք պետք է դիմեինք քաղաքապետարանին, որը մեզ թույլատրեց կառուցել հուշահամալիրը, որի բարձրությունը չպետք է գերազանցեր երեք մետրը»,- ասաց հուշահամալիրի կառուցման նախաձեռնողը:
Յոթանասուն հազար բնակչություն ունեցող Ալմելո քաղաքում ապրում և գործում է վեց հազար հայ բնակիչ: Առաջին հայերն այստեղ հաստատվել են Արևմտյան Հայաստանի Սասուն քաղաքից, 1964 թվականին:
Անի Նազարյան