Մշակույթ

Սեն-Լյո-լա-Ֆորեի քաղաքապետարանը Շառլ Ազնավուրին նվիրված միջոցառում է նախաձեռնել

2 րոպեի ընթերցում

Սեն-Լյո-լա-Ֆորեի քաղաքապետարանը Շառլ Ազնավուրին նվիրված միջոցառում է նախաձեռնել

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի 90-ամյակին նվիրված տոնակատարությունները մեծ ընթացք են ստացել Ֆրանսիայում: Ֆրանսիայի Իլ-դե-Ֆրանս տարածաշրջանի Սեն-Լյո-լա-Ֆորեի քաղաքապետարանի մշակույթի բաժինը պատրաստվում է կազմակերպել Ազնավուրին նվիրված հարգանքի տուրք երեկո, որը կանցկացվի այս տարվա հոկտեմբերին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սեն-Լյո-լա-Ֆորեի քաղաքապետարանի պաշտոնական կայքից, միջոցառման նախաձեռնողները ոգեշնչվել են մեծ արտիստով:

Այս առթիվ կազմակերպվում է պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ տաղանդավոր մարդկանց քասթինգ: «Եթե դու երգիչ ես, դերասան, պարող, աճպարար և շատ ես ցանկանում մասնակցել այս համատեղ արկածին, սպասում ենք քեզ ապրիլի 1-ին Սպիտակ Խաչում` ընտրելու նախագծի մասնակիցներին և մատուցումը»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգահան, կինոդերասան, բանաստեղծ և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել են Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Այս տարի լրանում է անվանի գործչի 90-ամյա հոբելյանը, որի առթիվ աշխարհի տարբեր ծայրերում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: Շատ արվեստագետներ կշնորհավորեն լեգենդար արվեստագետին հոբելյանի կապակցությամբ:

Ռոզա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում