Քեսաբի նկատմամբ ռազմական գործողությունների հարցում առանձնակի շահագրգռվածություն ուներ Թուրքիան. փորձագետների ադրադարձը
4 րոպեի ընթերցում
![Քեսաբի նկատմամբ ռազմական գործողությունների հարցում առանձնակի շահագրգռվածություն ուներ Թուրքիան. փորձագետների ադրադարձը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2014/03/755111.jpg)
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հայաբնակ Քեսաբի շրջանում Թուրքիայի կողմից տեղի է ունեցել բացահայտ ռազմական ոտնձգություն անկախ պետության` Սիրիայի դեմ: «Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով Քեսաբում տեղի ունեցած իրադարձություններին, կարծիք հայտնեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
«Սա այնպիսի խնդիր է, որ պետք է անմիջապես քննարկվի ՄԱԿ-ում, այլ միջազգային հարթակնելում: Սա ռազմական ագրեսիա է մի պետության կողմից մյուսի նկատմամբ: Ընդ որում, բավականին «լկտի» ագրեսիա, որովհետև, եթե նկատենք, Թուրքիայի վարչապետը բացահայտ գովում է սադրանքը, ռազմական հարձակումն իրականացնողներին»,- ընդգծեց Մելքոնյանը:
Նա նշեց, որ հայերը, հայկական սփյուռքը միշտ և, մասնավորապես, այս պարագայում թիրախ են եղել Թուրքիայի համար:
«Քեսաբի պարագայում ևս Թուրքիան հայության նկատմամբ իրականացնում է մշակված քաղաքականություն: Եվ հայկական այս կարևոր օջախի վրա հարձակումը պետք է ընդունել հենց այդ համատեքստում»,- նշեց թուրքագետը:
Նրա գնահատմամբ, ակնհայտ է, որ Թուրքիայի նման գործողությունները հետապնդում են հակահայկական խնդիրներ և ապացուցում են իրական նպատակների էությունը:
«Իրատեսական զարգացումն այն է լինելու, որ մենք հետզհետե բախվոմ ենք Սիրիայում հայկական համանքի, հայկական ներկայության օրեցօր ավելի իրական դարձող կորստի հետ, իսկ դա համահայկական խնդիր է, քանի որ Սիրիայի հայ համայնքը, նրա գործունեությունն անհնար է թերագնահատել»,- ասաց Մելքոնյանը` հավելելով, որ կորցնելով Սիրիայի հայ համայնքը` մենք կկորցնենք շատ լուրջ հարվածային ուժ ընդդեմ թուրքական ժխտողականության:
Արաբագետ Արաքս Փաշայանը նույնպես կարծիք հայտնեց, որ Քեսաբում ռազմական գործողությունն իրականացվել է Թուրքիայի անմիջական աջակցությամբ:
«Ամենացավալին այն է, որ Քեսաբի հայ բնակչությունն այլևս գյուղաքաղաքում չէ, տարհանված է և գտնվում է Լաթաքիայի դպրոցում և եկեղեցում, իսկ շրջանն ամբողջովին իրենց վերահսկողության տակ են վերցրել ընդդմադիր իսլամիստ ռազմական խմբավորումները: Կարելի է ասել, որ այս հարցում առանձնահատուկ շահագրգռվածություն ուներ հենց Թուրքիան»,- նշեց Փաշայանը:
Նրա գնահատմամբ, կարևոր է, որ Քեսաբում ստեղծված իրավիճակը դառնա համահայկական հարց, որն առաջին հերթին լինի մեր պետության և հասարակության ուշադրության կենտրոնում:
Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքին մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայ շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սննդով:
Սիրիայի հայաբնակ Քեսաբի շրջանի տեղահանված հայերի հարցը ՀՀ արտաքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում է: Այս մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: