Ցեղասպանությունը վերապրած վանեցի Ահարոն Մանուկյանը բոլորեց 100-ամյակը

6 րոպեի ընթերցում

Ցեղասպանությունը վերապրած վանեցի Ահարոն Մանուկյանը բոլորեց 100-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հարյուր տարի ապրելու շատերի մեծագույն ցանկություններից մեկն առ այսօր չունի որևէ հստակ բաղադրատոմս: Երկարակեցությունը մարդկության մի մասի համար անեծք է թվում, մյուսների համար էլ` անհասանելի երանություն: Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Էստոնական փողոցի շենքերից մեկի բնակիչները մարտի 20-ն այս տարի առանձնակի տոնական մթնոլորտում կանցկացնեն: 1914 թվականին Վանում ծնված Ահարոն Մանուկյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը փոքրիկ սեղանի շուրջ կհավաքի նրա հարազատներին և հարևաններին: Ահարոն Մանուկյանի շրջադարձային իրադարձություններով լեցուն կյանքի մասին «Արմենպրես»-ի ընթերցողներն արդեն հասցրել են ծանոթանալ գործակալության` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հատուկ նախագծի առաջին պատմությունից: Տիկնոջ և աղջկա սիրով շրջապատված տարեցն, ինչպես իր սերնդի մյուս եզակի ներկայացուցիչները, ունի բազում առողջական խնդիրներ: Եվ գուցե հենց այդ պատճառով, հատկապես այս տարիքում առավել քան երբևէ, նրա համար կարևոր է զգալ հասարակության ուշադրությունն ու հոգատարությունը:

«Հայրս կարծես չի զգում, որ 100 տարեկան է, երբ ասում ենք, միշտ զարմանում է: Իր սննդակարգն այնպիսին է, որ ինքը դրա շնորհիվ երկար ու առողջ է ապրում: Սիրում է տնական կաթ, միս, կոնֆետ, բայց ամեն ինչ ուտում է քիչ-քիչ, չի չարաշահում ոչ մի բան»,- պատմում է Ահարոնի դուստր Ռուզանը` հոր երկարակեցությունը պայմանավորելով նաև հազվագյուտ հանգիստ բնավորությամբ և երբևէ չնյարդայնանալու կարողությամբ:

Մանուկյանների տանը հավաքված հարևանների բնորոշմամբ էլ` տան ավագ ներկայացուցիչը մինչ 96 տարեկանը եղել է շատ առույգ, գնացել է շուկա, իջել է բակ` բոլորի հանդեպ լինելով հոգատար և հարգալից:

«Ոչ սոված ենք, ոչ ծարավ, փառք Աստծո, կա հագուստ և ուտելիք, բայց ունենք որոշակի ֆինանսական օգնության կարիք` հորս խնամելու համար, որովհետև այս տարիքի մարդու խնամքն առանձնահատուկ ծախսեր է պահանջում»,- իր հոգսերը մեզ պատմեց Ռուզանը` հավելելով, որ 100 տարեկան հորը և 89 տարեկան մորը խնամելու անհրաժեշտությունից ելնելով` ինքն այլևս չի կարողանում աշխատել:

Ռուզանը դիմել է Աջափնյակի թաղապետարան թեկուզ փոքր ֆինանսական օգնություն ստանալու ակնկալիքով, սակայն դեռևս որևէ կառույցից հստակ պատասխան չի ստացել:

Ահարոն պապի պատումը

Ահարոն Մանուկյանը մեկ տարեկան էր, երբ իր ընտանիքը ստիպված է լինում լքել եկեղեցու բակում գտնվող իրենց տունը: 1915 թվականին, Վանից ռուսական ուժերի դուրս գալուն պես, շուրջ 200 հազարի հասնող տեղի բնակչությունը ստիպված եղավ բռնել գաղթի ճամփան: Ահարոնի հայրը, ով զորավար Անդրանիկի զինվորներից էր, զոհվում է Վանի հերոսական ինքնապաշտպանության ընթացքում: Ահարոնի մայրը` Մարիամը, երկու որդիների` Մելիքսեթի եւ Վահրամի հետ հասնում է Էջմիածին, քանի որ ամուսնու մահից հետո ընտանիքի միակ հաց վաստակողն էր, կարճ ժամանակ անց երեխաներին տանում է Ալեքսանդրապոլի (այժմ Գյումրի) ամերիկյան որբանոց` վերադառնալով էջմիածին` աշխատանք գտնելու նպատակով: Ամերիկացի ամուսնական մի զույգ ցանկություն է հայտնում որդեգրել Ահարոնին և իր եղբորը` Միացյալ Նահանգներ տանելու համար, սակայն նրա մայրը տեղեկանում է այդ մասին, վերադառնալով Լենինական` վերցնում է երեխաներին, քանի որ արդեն աշխատանք է գտած լինում Երեւանում: Նախքան այդ որբանոցի կառավարիչը Մարիամին ոսկի է առաջարկում` Ահարոնին որդեգրելու եւ Միացյալ Նահանգներ տանելու համար, նաեւ այն պատճառով, որ վերջինս իրեն հիշեցնում էր մահացած որդու մասին: Մինչդեր մեր պատմության հերոսի մայրը, չնայած ընտանիքի առջեւ ծառացած ֆինանսական դժվարություններին, կտրականապես հրաժարվում է այդ առաջարկից, ինչին ի պատասխան Ահարոնը տարիներ անց սիրել է կատակել, որ կարող էր այժմ բավականին հարուստ մարդ լինել:

Ահարոնը և իր կինը` Հռիփսիմեն, ամուսնացել են 1949 թվականին: Երկարակյաց զույգը ապրել է հաշտ ու համերաշխ` ունենալով չորս երեխա, որոնցից երեքը հանգամանքների բերումով այսօր բնակվում են արտերկում: Իր կյանքի խորհրդանշական այս օրը մեկ դարը բոլորած ծերունին ժամանակի պահանջներին համահունչ երազանք ունի:

«Անկեղծ ասած, փոքր-ինչ ամաչում եմ այդ մասին խոսել, սակայն շատ կցանկանայի, որ մենք համակարգիչ կամ կապի այլ միջոց ունենայինք, որպեսզի հայրս կարողանար տեսնել թոռներին ու ծոռներին: Նրա լսողությունը վատթարացել է վերջին տարիներին, իսկ երեխաներին տեսնելով` շատ կուրախանար»,- անկեղծացավ Ահարոնի դուստրը` հավելելով, որ հայրը լավատես մարդ է, բայց թոռներից հեռու բնակվելու փաստն իրեն հաճախ տխրեցնում է:

Ռուզանի հավաստմամբ, բնավ չի թուլացել հոր հավատը ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում:

«Հայրս իսկապես շատ-շատ է հավատացել և սպասել այդ օրվան, միշտ թաքուն ցանկություն է ունեցել Վան գնալու և ծննդավայրը տեսնելու, որն այդպես էլ չի իրականացել: Երբ տարիներ առաջ ցեղասպանության ճանաչման մասին ավելի շատ սկսեց խոսվել, նրան թվում էր, թե մոտ է արդարության վերականգնման պահը»,- հիշում է Ռուզանը:

Ջերմ հանդիպման ավարտին Ահարոն պապիկին հանձնեցինք այն լուսանկարը, որում պատկերված է իր կյանքի հիշարժան օրերից մեկը: Հայրենի Վանից` իր կողմից երբևէ չհամտեսած տառեխը հատուկ նրա համար մեր խմբագրություն էր փոխանցել մեր ընթերցողներից մեկը:

Մանուկյանների տանը հյուրընկալվեցին

Տաթևիկ Գրիգորյանը և Արաքս Կասյանը

Լուսանկարները ` Արթուր Հարությունյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում