Վարչապետը տեղական արտադրողին ներկայացրեց ՄՄ-ին անդամակցելու պատճառներն ու հետևանքները
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 4-ին Հայրենական ապրանքարտադրողների միության 6-րդ համագումարի մասնակիցներին ներկայացրեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու որոշման պատճառները, ՄՄ-ի հետ բանակցությունների ներկա վիճակն ու քննարկվող հիմնական հարցերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության ղեկավարը հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետությունը, անդամակցելով Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, կիրառում է ցածր մաքսատուրքերի քաղաքականություն. միջին մաքսատուրքը կազմում է 2.5 տոկոս: Սարգսյանը նշեց, որ ՄՄ շրջանակում մաքսատուրքերի բեռն ավելի բարձր է երրորդ երկրներից ներմուծումների ժամանակ, որի նպատակն է պաշտպանել տեղական արտադրողին: Սակայն ՌԴ-ն ԱՀԿ-ի առաջ ստանձնել է պարտավորություն՝ փուլ առ փուլ նվազեցնելու մաքսատուրքերը: Սարգսյանի խոսքով՝ հովանավորչական քաղաքականությունը Ռուսաստանում ժամանակավոր երևույթ է: «Բանակցությունների սեղանին գտնվում է մի կարևոր հարց, թե ինչպե՞ս ենք մենք բարձրացնելու մաքսատուրքերը, ինչ քայլերով և ո՞ր ապրանքների ու ծառայությունների վրա: Սա բանակցությունների օրակարգային խնդիրն է, և մենք ունենք շուրջ 900 ապրանքատեսակ, որոնց նկատմամբ մեր շուկան զգայուն է»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ բանակցությունների արդյունքում պետք է համաձայնության գալ, թե ի՞նչ փուլերով ու ժամանակահատվածով են փոխվելու մաքսատուրքերը՝ երրորդ երկրներից ներմուծումների ժամանակ:
Վարչապետը կետ առ կետ թվարկեց մաքսատուրքերի հարցով բանակցությունների սեղանին դրված ապրանքները: Նա հայտնեց, որ ապրանքների առաջին խումբը երրորդ երկրներից բերվող հումքն է, և այդ առումով անհրաժեշտ է զգուշություն ցուցաբերել, որպեսզի տեղական արտադրողը չտուժի:
«Ապրանքների երկրորդ խումբն այն ապրանքներն են, որոնք անմիջական սպառման առարկա են, այսինքն` որոնք կարող են խփել մեր քաղաքացու գրպանին: Այստեղ էլ մենք պետք է զգուշավոր քաղաքականություն վարենք և, բանակցելով մեր գործընկերների հետ, գանք այնպիսի տարբերակների, որոնք ընդունելի կլինեն մեզ համար և մեր տնտեսության համար չեն ստեղծի բարդություններ»,- նշեց Կառավարության ղեկավարը:
Վարչապետը նշեց, որ մաքսատուրքերի հարցով ՄՄ-ի հետ բանակցությունների սեղանին դրված ապրանքների երրորդ խումբը այդտեղ չարտադրվող և կենսամակարդակի համար կարևոր նշանակություն ունեցող ապրանքատեսակներն են՝ ժամանակակից տեխնիկա, ավտոմեքենաներ և այլն: «Սրանք այն երեք ուղղություններն են, որի շուրջ մենք այսօր բանակցային գործընթացում ենք, և որտեղ մենքպետք է ձեզ հետ (հայրենական ապրանքարտադրողներ - խմբ.) ունենանք երկխոսություն»,- նշեց Սարգսյանը:
Վարչապետը հայտնեց, որ ՄՄ-ի հետ բանակցությունների գործընթացի երկրորդ խնդիրը վերաբերում է տեխնիկական կանոնակարգերին: Պետք է իրականացվեն բարեփոխումներ՝ տեխնիկական կանոնակարգերը նույնականացնելու համար:
«Այս պահին կարող եմ զեկուցել, որ մենք աշխատանքային խմբերում եկել ենք համաձայնության այն բանի շուրջ, թե ինչպես են տեխնիկական կանոնակարգեր կիրառվելու Հայաստանի Հանրապետությունում, այսինքն` մեզ համար սահուն մեխանիզմ նախատեսելու, որպեսզի ձեզ համար մենք չստեղծենք նոր խնդիրներ»,- նշեց Սարգսյանը:
ՄՄ-ի հետ Հայաստանի բանակցությունների խնդիրների մյուս խումբը վերաբերում է ֆիտոսանիտարիայի ոլորտին: Վարչապետը հավաստիացրեց, որ այդ ուղղությամբ աշխատանքները բավական արդյունավետ առաջ են ընթանում: «Աշխատանքային խմբերում չկան հարցեր, որոնց շուրջ մենք չենք եկել համաձայնության Մաքսային միության մեր գործընկերների հետ»,- նշեց Կառավարության ղեկավարը:
Սարգսյանը կարևորեց ակտիվ արդյունաբերական քաղաքականության միջոցով տեղական արտադրության ծավալների ավելացումը և Մաքսային միության 170 միլիոնանոց հսկայական շուկայում մեր ապրանքների իրացումը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հայտարարել է Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մասին:Դեկտեմբերի 24-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՄՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը, որի ժամանակ ստորագրվեց նաեւ Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու համար նախատեսված ճանապարհային քարտեզը: ՀՀ արտաքին գործերի նախարար Շավարշ Քոչարյանը հավաստիացրել է, որ Հայաստանը մինչև ապրիլի կեսերը կավարտի «Ճանապարհային քարտեզ»-ով նախատեսված միջոցառումները: