Վարչապետը հարգում է ընդդիմախոսների մոտեցումն ու պատասխանում կենսաթոշակային համակարգի մասին մտահոգություններին

12 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանությունները հարգում են կենսաթոշակային բարեփոխումների ընդդիմախոսների մոտեցումները, ձգտում են կատարվող փոփոխությունների թերությունները հասցնել նվազագույնի ու ճիշտ բացատրել համակարգի առավելությունները և անհրաժեշտությունը: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` Երևանում անցկացվող Կենսաթոշակային երրորդ միջազգային տարեկան համաժողովի ժամանակ` ներկայացնելով Հայաստանում ընթացիկ տարվանից ներդրված կենսաթոշակային համակարգի նպատակահարմարությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ողջունելով ներկաներին` վարչապետը նշեց, որ նման գիտաժողովների շնորհիվ հնարավոր է հասնել արդյունավետ կենսաթոշակային համակարգի ստեղծմանը, հասկանալ` ինչպիսի նոր ձեռքբերումներ, թերություններ կան գործող համակարգերում, որպեսզի շտկումներ արվեն այն մոդելում, որն ստեղծել է Հայաստանը:

«Առաջին հերթին ցանկանում եմ արձանագրել, որ հանրության ուշադրության կենտրոնում է գտնվում այն հայեցակարգը, որը մեր սեփականն է, որը մենք ինքներս ենք ստեղծել, և որի վրա աշխատել են հանրապետության երկու նախագահներ, երեք կառավարություններ, չորս կոալիցիոն կուսակցություններ: Սա մեր համատեղ ջանքերի արդյունքն է: Ինչի համար է անհրաժեշտ այս խնդիրը լուծել, որոնք են այն դրդապատճառները, որոնք ստիպում են մեզ կատարել այս արմատական փոփոխությունը և արդյոք գոյություն ունեն այլընտրանքներ: Ես կփորձեմ անդրադառնալ այս հարցերին»,-ասաց վարչապետը:

Տիգրան Սարգսյանը անդրադարձավ սերունդների համերաշխության սկզբունքին` նշելով, որ այն այլևս իրեն չի արդարացնում: Նրա խոսքով` աշխարհը 21-րդ դարի լրջագույն մարտահրավերներից մեկն է համարում կենսաթոշակային ռեֆորմը, քանի որ անցումը լինելու է ցավոտ. մի կողմից` պետությունները պարտավոր են վճարել այսօրվա թոշակառուներին և այնքան, որպեսզի նրանք բարեկեցիկ ծերություն ունենան, մյուս կողմից` պետք է արդեն անցնեն նոր համակարգի, որը լրացուցիչ ծախս է բյուջեի համար: «Զարգացած երկրները հայտնվել են փակուղային իրավիճակում և միջազգային փորձագետները մեզ հուշում են, ասում են Հայաստանն ունի պատմական շանս, նման հնարավորություն, պատուհան ունեք դուք, այդ հնարավորությունից օգտվեք, թե չէ վաղը, մյուս օրը հայտնվելու եք նույն իրավիճակում: Եվ այսպես, ունենք 500 հազար եկամտահարկ վճարող: Այսօր մեր 550 հազար թոշակառուներին մենք վճարում ենք այնպիսի թոշակ, որը նրանց ճնշող մեծամասնության առջև դնում է աղքատության խնդիր: Այսինքն` ՀՀ քաղաքացին, որն անցնում է թոշակի, միանգամից առնչվում է աղքատության խնդրի հետ, որովհետև այն միջին 36 հազար դրամը, որ վճարում ենք՝ բավարար չէ բարեկեցիկ ծերություն ապահովելու համար: Մեր թոշակառուներից 350 հազարը գտնվում են աղքատության շեմից ավելի ցածր: Դա լրջագույն խնդիր է, իսկ եթե վերցնենք ծայրահեղ աղքատների թիվը, ապա կհասկանանք, թե խնդիրը որքան լուրջ է, որ մեր առջև կանգնած է: Հիմա մեր քննադատները, ընդդիմախոսներն ասում են` այո, կա այլընտրանք, որն է այդ այլընտրանքը` ավելի լավ հարկային վարչարարություն արեք, օլիգարխներից ավելի շատ հարկ վերցրեք, մեծահարուստներին ստիպեք, որ ավելի շատ հարկ վճարեն և այդ միջոցներն ուղղեք և ավելացրեք թոշակները: Արդարացի պնդում է, և մենք այդ ճանապարհով գնում ենք, բայց այդ ճանապարհով գնալով լուծում ենք այսօրվա թոշակառուների խնդիրը»,-հավաստեց Տիգրան Սարսյանը` հավելելով, որ այդ ճանապարհով գնալով` Հայաստանը 2013 թվականին կատարել է արմատական փոփոխություն հարկեր-ՀՆԱ ցուցանիշում: «1,4 տոկոսով ավելացրել ենք հարկեր-ՀՆԱ ցուցանիշը, ինչը մեր վերջին 10 տարիների մեջ հեղափոխական ցուցանիշ է, որովհետև հիշում եք, մեր թիրախային ցուցանիշը տարեկան 0,3-0,4 տոկոս է: Այս 1,4 տոկոս բարձրացումը մեզ հնարավորություն է տվել 2014 թվականին հունվարի մեկից թոշակառուների թոշակն ավելացնել 15 տոկոսով: Մենք այս ռազմավարությունը շարունակելու ենք, որքան բարելավվի հարկեր-ՀՆԱ ցուցանիշը, հարկային վարչարարությունը, այնքանով ի վիճակի ենք լինելու ավելացնել այսօրվա թոշակառուների թոշակը: Բայց հարց է առաջանում. իսկ երկրորդ խնդիրը՝ այս երիտասարդ սերնդի թոշակների խնդիրը մենք ինչպես ենք լուծելու, եթե ծերացող բնակչություն ենք և եթե կյանքի տևողությունը երկարում է, եթե գոյություն ունեն դեմոգրաֆիական ալիքներ, որոնք բերում են նրան, որ 15-20 տարի հետո աշխատողների թիվը լինելու է շատ ավելի ցածր: Հին համակարգի հիմնական և լրջագույն թերությունը կայանում է նրանում, որ մարդու աշխատած տարիների և վաստակած եկամուտների և թոշակի միջև, որ նա ստանալու է, կապ չկա: Ինչպիսի թոշակ նա կստանա, դա պայմանավորված է լինելու թե իր թոշակի տարիքին պետությունը ֆինանսական ինչ փուլում է գտնվելու: Եթե լավ վիճակում լինի, մի փոքր ավելի լավ թոշակ կստանա, եթե մի փոքր ավելի վատ վիճակում՝ ավելի ցածր թոշակ կստանա: Նրա ամբողջ աշխատանքային կենսագրությունը բացարձակապես կապ չունի այն թոշակի և ապահով ծերության հետ: Այս խնդիրը լուծելու համար մեր ընդդիմախոսների փաստարկները չեն անցնում, ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում, որովհետև այդ տեսակետից հին համակարգը լուծում չի տալիս»,-փաստեց վարչապետը:

Տիգրան Սարգսյանի խոսքով` խնդրի լուծման մեկ այլ տարբերակ էլ կա. երկարացնել կենսաթոշակային տարիքը, որը, ինչպես միջազգային փորձն է ցույց տվել ևս դժգոհության մեծ ալիքի է հանդիպել: «Հիշում եք՝ այդ ճանապարհով գնաց Ֆրանսիան և տեսանք, թե ինչ լրջագույն սոցիալական խնդիրներ բարձրացան իշխանությունների առջև, որովհետև մարդիկ ասում են` մենք աշխատանքի ենք անցել, ծրագրավորել ենք, որ պետք է 63 տարեկանում անցնենք թոշակի, հիմա մենք դարձել ենք 63 տարեկան, դուք ինչ բարոյական, իրավական հիմք ունեք այս պահին փոխել մեր կյանքի ծրագրավորված ամբողջ ցիկլը: Դա լրջագույն սոցիալական և քաղաքական հարցադրում է: Դա հին համակարգի թերությունն է, որովհետև բոլոր զարգացած պետությունները դրա առջև կանգնելու են: Պետական բյուջեի միջոցները չեն բավարարում թոշակները ավելացնելու համար, որովհետև հարկային բեռն աշխատողների վրա դառնում է անտանելի, ինչը խաթարում է արդյունավետ աշխատանքի մոտիվացիան, հարվածում է տնտեսությանը: Դրա համար այս փաստարկը նույնպես չի աշխատում և այն իրականում վատթարացնում է երկրներում սոցիալական վիճակը, չնայած որ շատ երկրներ գտնում են նաև երկրորդ տարբերակը և մենք տեսանք, թե Բելգիայում ինչ ընդզվումներ եղան, երբ Բելգիայի կառավարությունն ասաց` սիրելի քաղաքացիներ, այն սոցիալական բեռը, որ պետությունն իր վրա վերցրել է, այլևս չենք կարողանում կատարել: Եկեք որոշակի պարտավորություններից, որ պետությունը ստանձնել է, հրաժարվենք, որովհետև պետական բյուջեն այլևս չի դիմանում դրան: Տեսանք, որ փոքրիկ Բելգիայում 3,5 մլն մարդ դուրս եկավ փողոց՝ ընդվզելով այդպիսի օրենսդրական փոփոխությունների դեմ, որովհետև նրանք ասում են` մենք մեր կյանքը պլանավորել ենք՝ հաշվի առնելով այն օրենսդրական դաշտը, որն այս պահին գործում է մեր երկրում, ասում են մենք պատրաստ չենք այդ փոփոխությանը, գտեք այլ լուծումներ: Ժամանակակից տնտեսագիտությունն այս հարցը քննարկել է բազմակողմանի և մենք շնորհակալ ենք միջազգային կազմակերպություններին, Միացյալ Նահագների կառավարությանը, USAID-ին, Համաշխարհային բանկին, Եվրոպական ներդրումային բանկին, որոնք մեր կողքին են և համաշխարհային լավագույն փորձը հաղորդեցին մեզ: Մենք հնարավորություն ունեցանք ծանոթանալ աշխարհի լավագույն մասնագետների վերլուծություններին, մեր երիտասարդներ մասնագետներին գործուղել աշխարհի տարբեր պետություններ՝ ուսումնասիրելու լավագույն փորձը: Այդ գիտելիքների հիման վրա մենք ստեղծեցինք մեր համակարգը»,-նշեց Տիգրան Սարգսյանը:

Գործադիրի ղեկավարը վերջում ընդգծեց, որ այս համակարգով ցանկացած աշխատող քաղաքացի պատասխանատվություն է կրում իր ապահով ծերության համար: «Այն պահից, երբ դուք ունեք աշխատանք և եկամուտ, պարտավոր եք պետության հետ մտածել ձեր ապահով ծերության մասին: Սա է քաղաքական բովանդակությունը: Այս քաղաքական բովանդակությանը կարող են դեմ լինել սոցիալիստական գաղափարախոսություն քարոզող որոշ ուժեր: Բայց նույնիսկ նրանք, եթե նայում ենք աշխարհի զարգացած երկրներին, արդեն իսկ փոխում են իրենց գաղափարախոսական սկզբունքները կենսաթոշակային համակարգի մասով, տեսնելով, որ այն փաստարկները, որոնք առկա են այսօր, անհաղթահարելի փաստարկներ են և սերունդների համերաշխության սկզբունքն այդ անհաղթահարելի հանգամանքները սոցիալիստական սկզբունքների ներքո ի վիճակի չէ լուծելու: Դրա համար պետք է գտնել այլընտրանք և դա հենց այս քաղաքական ու գաղափարախոսական սկզբունքի մեջ է: Աշխատող քաղաքացին պետության հետ միասին պետք է պատասխանատվություն կրի իր ապահով ծերության համար և պետք է կուտակի հենց այն պահից, երբ եկամուտ է ստանում: Աշխարհում չկա որևէ երկիր, որը ներդնի պարտադիր կուտակային համակարգը և չստանա դժգոհություն, չլինի դիմադրություն, չի եղել այդպիսի երկիր: Եվ Հայաստանը բացառություն չէ: Եվ դա արադարացի դժգոհություն է: Այդպիսի ընդդիմությունը խիստ անհրաժեշտ է ցանկացած ժողովրդավարական, քաղաքացիական հասարակության համար: Ինչո՞ւ, որովհետև երբ իշխանություններն օգտագործում են պարտադրանքի գործիքը, հասարակությունը դրան անպայման պետք է վերաբերվի անվստահությամբ, որպեսզի իշխանությունները լինեն զգոն և այդ գործիքը մշակեն այնպես, որ թերությունները լինեն մինիմալ և այդ պարտադրանքի ինստիտուտն անպայման հասնի իր նպատակին: Դրա համար մենք պետք է հարգենք մեր ընդդիմախոսների մոտեցումները և առավել ջանքեր գործադրենք՝ բացատրելու այս համակարգի առավելությունները և անհրաժեշտությունը»,-եզրափակեց Տիգրան Սարգսյանը:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում ուժի մեջ է մտել հունվարի 1-ից: Հունվարի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ կասեցվել էր «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածը և 86-րդ հոդվածի երրորդ մասը, որոնք, ազատում են պատիժներից, եթե գործատուները մինչև մարտի 28-ն իրենց աշխատողների աշխատավարձից չեն կատարում պարտադիր պահումները: «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթների սահմանադրականության հարցը Սահմանադրական դատարանը կքննի մարտի 28-ին:

Հայերեն Русский

ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում