Կենսաթոշակային ռեֆորմը պատասխանատու քաղաքացի ձևավորող ռեֆորմ է. Տիգրան Սարգսյան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենսաթոշակային բարեփոխումները հնարավորություն կտան երիտասարդներին իրենց բարեկեցությունն ապահովել ոչ թե 30-40 տարի հետո, այլ հենց այսօր: Փետրվարի 21-ին Երևանում անցկացվող Կենսաթոշակային երրորդ միջազգային տարեկան համաժողովի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով` նման ինստիտուցիոնալ ռեֆորմը խթանելու է տնտեսական աճը, Հայաստանի Հանրապետությունում ներդնելու է նոր մտածողություն: «Իհարկե հեշտ չէ նոր մտածողություն ներդնել կառավարությունում, հասարակության մեջ, բայց մենք պետք է գնանք առաջ: Մեր քաղաքական թիմը՝ հանրապետության Նախագահի գլխավորությամբ, ունի այն համոզմունքը, որ սա ճիշտ բարեփոխում է, որ սա Հայաստանի ապագան երաշխավորող ռեֆորմ է, սա փոփոխություններ բերող ռեֆորմ է, ինստիտուցիոնալ կառույցներ ստեղծող ռեֆորմ է, մտածողության փոփոխության ռեֆորմ է, քաղաքացիական հասարակություն ձևավորող ռեֆորմ է,եւ վերջապես պատասխանատու քաղաքացի ձևավորող ռեֆորմ է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանի խոսքով` պոպուլիզմն ընդունելի է ընդդիմության համար, որովհետև դա քաղաքական պայքարի ձև է, բայց երկրի համար կործանարար կլինի, եթե իշխանությունը զբաղվի պոպուլիզմով: «Իշխանությունն այս պարագայում օգտագործելով պարտադրանքի գործիքը՝ կերտում է նոր ապագա: Սա իմ համոզմունքն է»,-եզրափակեց ՀՀ վարչապետը:
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում ուժի մեջ է մտել հունվարի 1-ից: Հունվարի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ կասեցվել էր «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածը և 86-րդ հոդվածի երրորդ մասը, որոնք, ազատում են պատիժներից, եթե գործատուները մինչև մարտի 28-ն իրենց աշխատողների աշխատավարձից չեն կատարում պարտադիր պահումները: «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթների սահմանադրականության հարցը Սահմանադրական դատարանը կքննի մարտի 28-ին: