ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լեգենդար երգահան եւ շանսոնյե Շառլ Ազնավուրն իր ծննդյան 90-ամյակը կնշի Գերմանիայում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գերմանական Deutsche Welle լրատվական գործակալությունը, իր ծննդյան օրը՝ մայիսի 22-ին, Ազնավուրը համերգ կտա Բեռլինի O2 World մարզադաշտում: Համերգը կոչվում է «Լեգենդը վերադառնում է»: «Ազնավուրի երկրորդ համերգը նախատեսվում է մայիսի 24-ին Ֆրանկֆուրտում»,- հաղորդում է գործակալությունը:
Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թ. մայիսի 22-ին, Փարիզում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Նրա առաջին երգը՝ «Ես հարբած եմ»` Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956 թվականին Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- Ազնավուրի մասին գրել է ֆրանսիական մամուլը։