Վարչապետը ՏՏ ոլորտի պտուղների կիրառումը ՀՀ տնտեսության արդյունավետացման պայման է դիտարկում
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսության արդյունավետությունը կարելի է բարձրացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բոլոր հնարավորություններն օգտագործելու պարագայում: ՏՏ ոլորտում Հայաստանն ունի հարաբերական առավելություն՝ ինտելեկտուալ ներուժի տեսքով: Այս մասին հայկական առաջին պլանշետի շնորհանդեսի շրջանակում նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով` 10 տարի առաջ գերակա ճյուղ հռչակված ՏՏ ոլորտը տալիս է իր շոշափելի արդյունքները: «Տնտեսության ցանկացած ճյուղ առանց տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման չի կարող լինել արդյունավետ, և եթե մենք կարողանանք այս ոլորտի բոլոր պտուղները քաղել, դա նշանակում է, որ ևս 10 տարի հետո Հայաստանի Հանրապետության տնտեսությունը կլինի արդյունավետ, և արտադրողականության տեսակետից մենք կլինենք մրցունակ պետություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:
Կառավարության ղեկավարը հիշեցրեց ՏՏ ոլորտում 2013 թվականին գրանցված արդյունքները: Նրա համոզմամբ՝ ՏՏ ոլորտում երկնիշ տնտեսական աճն ունի շարունակական բնույթ: «2013 թվականն այս առումով բացառություն չէր: ՏՏ ոլորտի աճը կազմել է շուրջ 20 տոկոս, 12 տոկոսով աճել է արտահանումն այս ոլորտից: Դա նշանակում է, որ աճի մի զգալի մասն արդեն ներհանրապետական սպառում է իր համար ապահովում, ինչը նույնպես ուրախալի է»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ ՏՏ ոլորտի ձեռնարկությունների 80 տոկոսն ունեն հայկական ծագում:
Վարչապետը 2013 թ.-ի ձեռքբերումներից համարեց միջազգային կորպորացիաների հետաքրքրության ուժգնացումը Հայաստանի ՏՏ ոլորտի նկատմամբ: Սարգսյանը կարևորեց ՏՏ ոլորտի կադրերով ապահովումը՝ նշելով, որ նախորդ տարի ոլորտում զբաղվածությունն աճել է 1,8 հազար հոգով և կազմել 11 հազար: «Երիտասարդ սերնդի ուշադրությունը ուզում եմ հրավիրել այն հանգամանքի վրա, որ կա պահանջարկբարձր որակի աշխատուժի նկատմամբ, և եթե դուք ստանաք համապատասխան կրթություն, երաշխավորված կլինեք, որ ունենալու եք աշխատանք բարձր արտադրողականություն ունեցող ոլորտում և բարձր վարձատրություն»,- նշեց Տիգրան Սարգսյանը:
Նա հիշեցրեց, որ նախորդ տարի ձևավորվեց բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջին վենչուրային հիմնադրամը, մեկնարկեց համաֆինանսավորվող ինովացիոն դրամաշնորհների ծրագիրը, ավարտվեցին Գյումրու տեխնոպարկի ֆինանսավորման աշխատանքները, հիմնվեց Հայաստանի ազգային ինժեներական լաբորատորիան (ANEL), որը տալիս է գերժամանակակից ինժեներական հմտություններից օգտվելու հնարավորություն:
Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի զարգացումը մշտապես գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում: ՏՏ ոլորտում ակտիվ աշխատում են ավելի քան 360 ընկերություններ և շուրջ 11 հազար մասնագետներ: Ոլորտի ընդհանուր շրջանառությունը կազմում է շուրջ 320.9 մլն դոլար: 2008-2012 թթ. ընթացքում ՏՏ ոլորտում գրանցվել է 22.8 տոկոս միջին տարեկան աճ: