Քաղաքականություն

The Tribune-ն անդրադարձել է հայերի պատմությանը Համիդյան ջարդերի ժամանակ

2 րոպեի ընթերցում

The Tribune-ն անդրադարձել է հայերի պատմությանը Համիդյան ջարդերի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկական The Tribune անգլալեզու օրաթերթը հոդված է գրել Համիդյան ջարդերի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թերթն անդրադառնում է հայ ժողովրդի պատմությանը` առաջին հայկական պետական կազմավորումից մինչև Օսմանյան կայսրության 1894-1896 թվականները: Նշվում է, որ քրիստոնյաների դեմ մղված «ջիհադի» հետևանքով սպանվեց 250 հազար մարդ և որը հող նախապատրաստեց մարդկության դեմ կատարված ավելի մեծ ոճրագործության`1915 թվականի Հայոց ցեղասպանության համար:

Թերթը մեջբերում է 19-րդ դարի ջարդերը վերապրած հայի նամակը, ուր նկարագրվում է Եդեսիայի հայկական եկեղեցում պատսպարված գաղթականների կոտորածը: Թուրքական զինվորները ջարդել էին եկեղեցու դուռը, պղծել եկեղեցին, ծաղրել Աստծու որդուն: «Նրանք սկսեցին կոտորել շուրջբոլորը` սպանելով ձեռքերով կամ հրազենով: Խորանի մոտ նրանք գնդակահարեցին կանանց, իսկ սրահում` երեխաներին: Վերջում թուրքերը անկողնային պարագաներ և ծղոտ հավաքեցին, դրանց վրա կերոսին լցրեցին և կրակի տվեցին եկեղեցին»,- ահասարսուռ դեպքերի մասին նամակում պատմում է ականատեսը:

1894-1896 թվականների հայերի զանգվածային ջարդերըԱրևմտյան ՀայաստանումևՕսմանյան կայսրությանհայաբնակ վայրերում կազմակերպել և իրագործել է սուլթան Աբդուլ Համիդ II-ի կառավարությունը՝ արևմտահայերի ազատագրական շարժումը ճնշելու ևՀայկական հարցինվերջ դնելու նպատակով։

1895-96-ի կոտորածները համաշխարհային պատմության մեծագույն ոճրագործություններից են և ցեղասպանության ակտ։ Դրանց հետևանքով կոտորվել է շուրջ 300 հազար հայ, 100 հազարը` բռնի մահմեդականացվել, 100 հազարը` տարագրվել տարբեր երկրներ: Ամայացել են Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության մյուս հայաբնակ վայրերը, սաստկացել է հայ ժողովրդի ազգային և տնտեսական ճնշումը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում