Մեծ Մասրիկի գյուղապետը պարգեւատրեց ադրբեջանական դիվերսիան հետ մղած դասակի հրամանատար Սարգիս Թանանյանին

6 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Մասրիկի գյուղապետարանում այսօր համայնքի ավագանու, աշխատակազմի, համագյուղացիների ներկայությամբ Մեծ Մասրիկի գյուղապետ Արմեն Ասատրյանը պատվոգրով եւ թանկարժեք նվերով պարգեւատրեց այս տարվա հունվարի 20-ին ադրբեջանական դիվերսիոն խումբը հետ մղելիս աչքի ընկած դասակի հրամանատար, օրերս ՀՀ Նախագահի կողմից «Արիության մեդալի» արժանացած ավագ լեյտենանտ Սարգիս Թանանյանին:

Իր խոսքում համայնքի ղեկավարը նշեց, որ Մեծ Մասրիկի բնակիչներն այս օրերին անօրինակ հպարտություն են ապրում, որ իրենց համայնքի անդամը, իրենց կողքին ապրած ու մեծացած այս համեստագույն երիտասարդը, դրսեւորելով արիություն ու սառնասրտություն, քաջություն ու հմուտ մարտավարություն, ոչ միայն կազմակերպել է թշնամու դիվերսիայի հետմղումը, այլեւ փրկել է ծառայակիցների երիտասարդ կյանքերը, հայրենի հողը պաշտպանել թշնամու ոտնձգությունից: Սարգիս Թանանյանին համայնքի կողմից հատուկ պատվոգրով պարգեւատրելուց հետո Արմեն Ասատրյանը հայտարարեց, որ հայրենիքի պանծալի զինվորի ընտանիքը գյուղապետարանի կողմից արժանանում է նաեւ կենցաղային կարեւոր նվերի` թանկարժեք սառնարանի:

Այնուհետեւ հերոսին եւ նրա մորը` Թամարա Թանանյանին, երախտիքի ու քաջալերանքի խոսքեր ուղղեցին համայնքի անդամները, շեշտելով, որ Սարգսի կատարած սխրագործությունը բոլորը համարում են իրենց զավակի կատարածը, «Արիության մեդալը»` իրենց պատիվն ու նվաճումը, խոնարհվում նրա հայրենասիրության եւ արիության առջեւ, նրան համարում հերոսական Գետաշենի արժանի զավակ, որի հողից էլ սերել է Սարգիսը, բայց թշնամու պարտադրանքով բնավորվել ու հասակ է առել Մեծ Մասրիկում:

Իր հերթին Սարգիս Թանանյանը, ով արդեն իր կրծքին կրում էր «Արիության մեդալը», շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարին ու համագյուղացիներին` իր սխրանքը գնահատելու, մեծարելու եւ խրախուսելու համար: Նա ներկաներին խոստացավ շարունակել զինվորական ծառայությունը ավելի հպարտ, զգոն, պարտավորված, սրբորեն պաշտպանել հայրենի հողի ամեն մի սանտիմետրը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Սարգիսն անդրադարձավ հունվարի 20–ին մարտական դիրքերում տեղի ունեցած դիվերսիոն հարձակման հետմղման գործողություններին: «Թշնամու ներթափանցումը մեր դիրքեր առաջինը զգացել էր շունը,որի հանած զգուշացնող աղմուկը թշնամին խլացրել էր` նրան սպանելով: Ապա ազդանշանը մեզ հաղորդեց մարտական դիրքում հերթապահող սերժանտ, ջոկի հրամանատար Արմեն Հովհաննիսյանը: Մենք արդեն ստիպված էինք ընդունել շրջանաձեւ պաշտպանական մարտը: Տեսնելով թշնամու մեծաքանակ ուժը եւ հասկանալով, որ այն կասեցնելը գրեթե անհնար է փոքր ուժերով, ես անցա հակառակորդի թիկունքը եւ նռնակներ նետեցի հարձակվողների վրա ու կրակահերթեր բաց թողեցի, ինչի արդյունքում նրանք, կարծելով, որ ընկել են շրջապատման մեջ, խուճապի մատնվեցին եւ, հանդիպելով նաեւ մեր դիրքապահ ծառայակիցների կրակահերթերին, դիմեցին անկանոն փախուստի: Նրանք մարտի դաշտում թողեցին մոտ ութ զոհ, տասնյոթ վիրավոր: Իսկ սերժանտ Արմեն Հովհաննիսյանը մեծ գործ կատարեց մարտում` իր վրա ընդունելով հակառակորդի առաջին կրակահերթերը եւ դիմադրելով մինչեւ վերջ, ապահովելով իր ընկերների մարտավարական հետագա գործողությունները: Նա իսկապես ընկավ հերոսի մահով` փրկելով մեր կյանքը, պաշտպանական դիրքերը, հայրենիքի անառիկ սահմանի մի անկյունը: Ինձ ամենեւին չվախեցրեց հակառակորդի հարձակումը, եւ վախենալու իրավունք էլ չունեմ, քանի որ այդ պաշտպանական դիրքը վստահված է ինձ, ես եմ պատասխանատուն զինվորների կյանքի եւ հայրենի հողի պաշտպանության համար: Հպարտ եմ, որ Արմեն Հովհաննիսյանի նման մարտական ընկեր եմ ունեցել, հպարտ եմ, որ սեղմել եմ իմ երկրի Նախագահի եւ Պաշտպնության նախարարի ձեռքերը` նրանցից ստանալով բարձրագույն պարգեւը, առավել` գլուխս բարձր է այն բանի համար, որ ինքս եմ հակառակորդին ջախջախիչ պարտության հասցրած դիրքապահների ընկերն ու հրամանատարը: Եվ հիմա զինվորական ծառայության եմ մեկնում ավելի քաջալերված, զգոն, մարտական, պարտավորված: Իմ պայմանագրային ծառայության ժամկետը լրանում է մեկ տարի անց, բայց ես որոշել եմ երկար մնալ զինվորական ծառայության, շարունակել հայրենիքի պաշտպանության վեհ գործը, քանի դեռ մեր երկիրը վտանգի մեջ է, սպառնալիքի առջեւ»,- ասաց Սարգիս Թանանյանը:

Ներկաներին հուզեց նաեւ հերոսի մոր` Թամարայի խոսքը.«Ես ունեմ երկու որդի, ովքեր քաջաբար ու հպարտորեն են ծառայել հայկական բանակում: Փոքր որդիս` Հրաչիկը, մեկ տարի առաջ է վերադարձել զինվորական ծառայությունից, իսկ ահա Սարգիսն արդեն երրորդ տարին է, ինչ կանգնած է մարտական դիրքերում, կրծքով պաշտպանում է մեր խաղաղությունը: Անչափ հպարտ եմ ու երջանիկ, որ նրան արժանի դաստիարակություն եմ տվել, որ արդեն հերոսի մայր եմ: Շնորհակալ եմ նաեւ որդուս ու ինձ մեծարելու համար»,-ասաց Թամարա Թանանյանը:

Սարգիս Թանանյանը ծնվել է հերոսական Գետաշեն գյուղի բնակիչ Պապիկ Թանանյանի ընտանիքում: Բռնագաղթված ծնողների հետ բնակություն է հաստատել Վարդենիսի շրջանի Մեծ մասրիկ գյուղում, 2005 թվականին ավարտել է Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցը, 2010 թվականին` Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետը: Վեց ամիս ուսումնառություն է անցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում եւ մեկնել զինվորական ծառայության: Պայմանագրային զինծառայության է անցել դասակի հրամանատարի պաշտոնում, ավագ լեյտենանտի կոչումով:

Հայերեն English Русский