Հովիկ Աբրահամյանը եւ Գարեգին Բ Կաթողիկոսը Արաբական Միացյալ Էմիրություններում են

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարժայի կառավարիչ դոկտոր Շեյխ Սուլթան բին Մուհամմադ ալ Կասիմիի հրավերով աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հունվարի 30-ին այցելել են Շարժայի Ամերիկյան համալսարան, որտեղ տեղի է ունեցել Շարժայի կառավարիչ դոկտոր Շեյխ Սուլթան բին Մուհամմադ ալ Կասիմիի պարգեւատրման արարողությունը, որին ներկա են եղել ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, բարձրաստիճան հյուրեր, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,ԱԺ նախագահը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից Շեյխին հանձնել է ՀՀ պատվո շքանշան` ՀՀ և ԱՄԷ միջեւ բարեկամական կապերի ամրապնդման եւ տնտեսական համագործակցության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:Ողջունելով ներկաներին` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ասել է.«Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալվել Շարժայում, որը համարվում է Արաբական Միացյալ Էմիրությունների մշակութային մայրաքաղաքը: Առավել ևս պատվաբեր է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի անունից պետական պարգև հանձնել մի անվանի գիտնականի և պետական գործչի, ով ոչ միայն լեցուն է այդ մշակույթով, այլև գնահատում է մշակույթը և ամեն ինչ անում այն հարստացնելու և արժանապատվորեն պահպանելու համար: Ընդ որում, խոսքը վերաբերում է ինչպես արաբական, այնպես էլ հայկական մշակույթին:

Արաբական աշխարհի հետ Հայաստանի և հայ ժողովրդի ջերմ բարեկամության խոսուն վկան է մեր բազմադարյան ընդհանուր պատմությունը, որի հիմքի վրա այսօր հաջողությամբ զարգանում են միջպետական հարաբերությունները:Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի արաբական պետությունների հետ և,առաջին հերթին, անշուշտ, բարեկամ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունների զարգացմանը:

Մեծարգո դոկտոր Շեյխ Սուլթան բին Մուհամմադ Ալ-Կասիմի,

Հայերը, ինչպես և արաբները շատ թանկ են գնահատում ընկերությունն ու բարեկամությունը և ամեն կերպ ձգտում պահպանել այն: Հայ - արաբական բարեկամական հարաբերությունների պատմությունը ոչ միայն երկու ժողովուրդների հոգևոր կապի ու հավատարիմ զգացմունքների մասին է վկայում, այլև մշակույթների ու կրոնների միջև երկխոսության ու համերաշխության փայլուն օրինակ է:Շարժայում վեր խոյացող հայկական հիասքանչ եկեղեցին կարծես մարմնավորում է այն ջերմ վերաբերմունքը, որ կա հայերի հանդեպ Շարժայում և, առաջին հերթին, Ձեր կողմից, մեծարգո Շեյխ:

Պատիվ եմ ունեցել 2005 թ. սեպտեմբերին Շարժայի վսեմաշուք Էմիր Շեյխ Սուլթան բին Մուհամմադ Ալ-Կասիմիի՝ Հայաստան այցի օրերին միասին այցելել Հաղարծին: Հատկապես հուզիչ էր այն պահը, երբ կարեւորելով վանական համալիրի պատմական նշանակությունը սերունդների համար` Շեյխ Կասիմին առաջարկեց ֆինանսական ամբողջական օժանդակություն այն վերականգնելու համար: Հայաստանը երախտապարտ է Ձեզ՝ հայկական պատմամշակութային կոթող հանդիսացող միջնադարյան հայկական վանական համալիրի՝ Հաղարծինի վերականգնման աշխատանքները հովանավորելու համար: Հաղարծինի ուսումնագիտական կենտրոնը հիշատակվում է XIII-րդ դարի՝ աշխարհի առաջատար մշակութային օջախների շարքում:Հայ ժողովրդի և Հայաստանի իշխանությունների անունից ընդունեք, խնդրեմ, մեր խորին երախտագիտությունը:

Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեր ջերմ ու անկեղծ վերաբերմունքի համար և վստահություն հայտնել, որ մեր հարաբերություններն ու բարեկամությունը դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու՝ հանուն մեր ժողովուրդների բարեկեցության և Հայաստանի ու Արաբական Միացյալ Էմիրությունների բարօրության»:

ՀՀ ԱԺ նախագահը ՀՀ իշխանությունների անունից Շարժայի կառավարիչ դոկտոր Շեյխ Սուլթան բին Մուհամմադ ալ Կասիմիին հրավիրել է Հայաստան:

Ներկաներին ողջունել եւ ելույթ է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Շարժայի էմիր Շեյխ Սուլթան Բին Մուհամմադ Ալ Կասիմին իր խոսքում շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին՝ ՀՀ պետական պարգեւին արժանանալու եւ Հայաստան այցելելու հրավերի համար եւ պատրաստակամություն հայտնեց այսուհետ ևս աջակցել Հայաստան-ԱՄԷ բարեկամական կապերի հետագա զարգացմանը եւ ամրապնդմանը:

Նա բարձր է գնահատել հայ եւ արաբ ժողովուրդների դարավոր ջերմ բարեկամությունը եւ անհրաժեշտ համարել այդ բարեկամությունը ամրապնդել տարբեր բնագավառներում՝ կոնկրետ ծրագրեր իրականացնելով եւ առկա համագործակցությունը տարբեր ուղղություններով ավելի խորացնելով եւ ընդլայնելով:

ՀՀ ԱԺ նախագահը գրառում է կատարել համալսարանի պատվավոր հյուրերի գրքում:

Հայերեն English

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել

COP17. վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը ՊԵԿ֊ի ուշադրության կենտրոնում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կարգը

Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա օրերին «անօրինական» ցույցերը կարգելվեն

Իսպանիան և Իտալիան դադարեցրել են փոխադարձ սահմանային վերահսկողությունը