Լևոն Արոնյանը հենվում է Սերժ Սարգսյանի աջակցության վրա. ՖԻԴԵ-ի նախագահ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի չեմպիոնի հավակնորնդերի մրցաշարին մասնակցելու համար և առհասարակ Լևոն Արոնյանը հենվում է Հայաստանի նախագահ, ՀՀ շախմատի ֆեդերացիայի ղեկավար Սերժ Սարգսյանի հովանավորության և աջակցության վրա: Այդ մասին հայտարարել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը` «Նեզավիսիմայա գազետա»-ի հետ զրույցում անդրադառնալով գարնանը կայանալիք շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների և աշնանը կայանալիք Մագնուս Կարլսենի դեմ չեմպիոնական մրցամարտին:
Իլյումժինովը նշել է, որ թեև աշխարհի չեմպիոնի մրցամարտի կազմակերպիչը պետք է ապահովի առնվազն 10 միլիոն դոլարի մրցանակային հիմնադրամ, բայց ինքը վստահ է, որ անցկացման հայտերի պակաս չի լինի:
«Ես ուսումնասիրել եմ շուկան, գնահատել իրավիճակը: Մեծ բյուջեն միայն կմեծացնի հետաքրքրությունը տարվա գլխավոր մրցամարտի նկատմամբ: Հավակնորդների մրցաշարի բոլոր ութ մասնակիցներն էլ ոչ միայն շատ ուժեղ շախմատիստներ են, այլև ունեն հովանավորներ: Լևոն Արոնյանը հենվում է Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի աջակցության վրա: Վլադիմիր Կրամնիկին աջակցում է ոչ միայն Ռուսաստանը, այլև` Գերմանիան ու Ֆրանսիան, որտեղ նա այժմ ապրում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է ՖԻԴԵ-ի նախագահը::
Իլյումժինովի դիտարկմամբ` Վիշվանաթան Անանդին երկրպագում է ամբողջ Հնդկաստանը, Մամեդյարովը մշտապես զգում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աջակցությունը: ՖԻԴԵ-ի նախագահը վստահություն է հայտնել, որ մյուս հավակնորդների, այդ թվում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի համար ևս կգտնվեն ազդեցիկ հովանավորներ:
Աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը տեղի է ունենալու Ռուսաստանի Խանտի-Մանսիսյկ քաղաքում` մարտի 13-ից մինչեւ ապրիլի 1-ը:
Մրցաշարին մասնակցելու են Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Կրամնիկը, Վեսելին Տոպալովը, Շաքրիյար Մամեդյարովը, Դմիտրի Անդրեյկինը, Սերգեյ Կարյակինը, Պյոտր Սվիդլերը և Վիշվանաթան Անանդը: