Պաշտոնական

Եթե մեզ պարտադրեն, մենք ստիպված ենք լինելու կռվել. Սերժ Սարգսյան

5 րոպեի ընթերցում

Եթե մեզ պարտադրեն, մենք ստիպված ենք լինելու կռվել. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայակականբանակի մարտական պատրաստվածությունը բավականաչափ բարձր մակարդակի վրա է, եւդիրքերի կահավորվածությունը համապատասխանում է այսօրվա իրավիճակին: Այս մասինաշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում կայացած խորհրդակցությունից հետո, երկրի անվտանգության մասին խորհրդակցության մասնակցի հարցին ի պատասխան նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Եթե ձեզնից որևէ մեկը լինի մեր առաջապահ դիրքերում, կտեսնի, թե մեր հրամանատարները և զինվորները ինչպիսի հմտությամբ են կահավորում իրենց դիրքերը՝ տարբեր թակարդներ լարելով, ահազանգման միջոցներ հնարելով, տարբեր խորամանկություններ կիրառելով»,- պարզաբանել է երկրի ղեկավարը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից, նախագահը շեշտել է, որ սպառազինության առումով հայկական Զինված ուժերը որևէ մեկից հետ չի մնում: «Այո, գումարները, որ դրված են մեր բյուջեում, այդքան շատ խոսուն չեն, միլիարդների չեն հասնում, բայց ես ձեզ հավատացնում եմ, որ մեր բանակը զենք-զինամթերքի շատ մեծ պակաս չունի: Ասում եմ՝ շատ մեծ պակաս չունի, որովհետև աշխարհում քիչ բանակներ կան, որոնց ղեկավարությունն ամբողջովին բավարարված է եղած զենք-զինամթերքով: Բանակն այն օրգանիզմն է, որ ամեն անգամ պահանջում է նոր զենք, նոր զինամթերք: Սա էլ բնորոշ գիծ է բոլոր բանակների համար: Մենք պատերազմ չենք ուզում, ակնհայտ է, որ չենք ուզում, բայց եթե մեզ պարտադրեն, մենք այլ ճանապարհ չունենք: Մյուս կողմից՝ ամեն ինչ անելու ենք, որպեսզի խնդիրը խաղաղ ճանապարհով լուծենք»:

Անդրադառնալով Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի պատերազմ սկսելու վերաբերյալ հայտարարություններին` ՀՀ Նախագահն ասել է: «Ձեր կարծիքով` որքա՞ն ժամանակ է, որ Ալիևն այդպես խոսում է: Եթե կարող է, ինչո՞ւ չի անում: Եվ եթե պիտի անի, ինչո՞ւ է դրա մասին խոսում: Գիտեք` ես չեմ կարող նույնիսկ այսպիսի միջավայրում բացառել և ասել, որ ռազմական գործողություններ չեն լինելու, որովհետև մեր երկրում առնվազն երկու մարդ՝ Նախագահը և պաշտպանության նախարարը երևի պետք է համարեն, որ հենց վաղը կարող են ռազմական գործողություններ սկսվել: Բայց ես դեռևս տեսանելի ապագայում չեմ տեսնում ռազմական գործողությունների սկսում, սակայն եթե մեզ պարտադրեն, մենք ստիպված ենք լինելու կռվել: Դուք ասում եք՝ ի՞նչ եք անում: Անում ենք այն, որ Բաքվից ժամանած հատուկ նշանակության ջոկատի մարտիկները՝ թվով 3-4 անգամ ավելի, չեն կարողանում իրենց առջև դրված խնդիրը կատարել և, փաստորեն, ձախողվում են՝ կրելով ավելի շատ կորուստներ, քան դիրք պահող մեր զինվորները: Եթե հիշում եք, երկու տարի առաջ դիվերսիոն գործողության այսպիսի փորձը հաջողություն ունեցավ: Պատահական չէ, որ հիմա ձախողվեց: Այսինքն, դրանից հետո միջոցներ ենք կիրառել՝ մենք մեր հերթին, ավագ հրամանատարներն իրենց հերթին, կրտսեր հրամանատարներն իրենց, բայց որ շատ կարևոր է՝ նաև մեր շարքային զինվորներն իրենց հերթին: Երրորդ՝ մենք համալրում ենք, և որևէ մեկից ոչ պակաս ենք համալրում մեր զինանոցները, մեր ռազմական պահեստները, մեր սպառազինությունը, զինամթերքը, մեր տեխնիկան: Եվ ամեն անգամ զանգվածային կիրառման զինատեսակների հետ զուգահեռ մենք ձեռք ենք բերում նաև ժամանակակից և հատուկ դեպքերում կիրառվող զինատեսակներ»,- ասել է նախագահը:

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի երկու ուղղությությամբ ադրբեջանական կողմը դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձ է կատարել: ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններով էլ անցել են կազմակերպված պաշտպանության և, հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ, հետ շպրտել ելման դիրքերը: Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից` հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում