Հայաստանի տնտեսական աճը 2014–2016 թվականներին կկազմի 5 տոկոս. Համաշխարհային բանկ
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկը Հայաստանի 2014–2016 թվականներիտնտեսական աճը գնահատել է 5 տոկոսի սահմանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նշվում է Համաշխարհային բանկի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» հունվարյան զեկույցում։
ՀԲ փորձագետները կանխատեսել են, որ համաշխարհային տնտեսության աճի տեմպերը ընթացիկ տարում կաճեն` հասնելով 3,4 տոկոսի: Աճի սկզբնական արագացումը մեծ մասամբ կապահովեն եկամուտների բարձր մակարդակ ունեցող երկրները։Սակայն Ռուսաստանում սպասվածից կտրուկ անկումը մեծ ռիսկեր է պարունակում ԱՊՀ շատ երկրների համար` հատկապես նայն երկրների, որոնք մեծապես կախված են Ռուսաստանից ներմուծման, փոխանցման հոսքերի և օտարերկրյա ներդրումների տեսանկյունից. դրանք են Հայաստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը և Ուզբեկստանը:
Զարգացող երկրների ՀՆԱ-ի աճի տեմպերը կավելանան 2014 թվականին` 2013 թվականին գրանցված 4,8 տոկոսից հասնելով 5,3 տոկոսի, իսկ հետո` 2015թ.-ին կհասնեն 5,5 տոկոսի և 2016թ.-ին` 5,7 տոկոսի։ Հայաստանի ՀՆԱ-ի ամենամյա աճը շուկայական գներով` 2013թ.-ին գնահատվել է 3.2 տոկոս, 2014, 2015 և 2016թթ.-ին`5:
Ըստ զեկույցի`վերջին տարիներին մի շարք զարգացող երկրներում շատ արագ աճել է ներքին վարկավորումը` մեծացնելով որոշ տնտեսությունների խոցելիությունը արագորեն կենտրոնացող ֆինանսավորման պայմանների նկատմամբ: Ամենակտրուկ աճն արձանագրվել է Թաիլանդում, Հայաստանում, Չինաստանում, Մալայզիայում, Մարոկկոյում և Թուրքիայում: Իրական վարկավորման աճը շարունակվել է 2012 և 2013 թվականներին Կամբոջայում, Արգենտինայում, Հայաստանում, Ինդոնեզիայում և Պարագվայում:
Հայաստանի ներքին վարկավորման միջին աճն ամսական կտրվածքով 2012-2013 թվականների ընթացքում կազմել է 27 տոկոս:
Հայաստանի ընթացիկ հաշվի հաշվեկշռի հարաբերակցությունն անվանական ՀՆԱ-ին 2013թ.-ի համար գնահատվել է -10.6, 2014-ին` -10.0, 2015-ին` -9.2 և 2016-ին` -8.0: ՀՆԱ - ի արտադրության հնարավոր աճը 2013թ.-ի համար գնահատվել է 4.8 տոկոս, 2014թ.-ի` 5.8 տոկոս, 2015թ.-ի` 6.9 տոկոս և 2016թ.-ի համար` 7.8 տոկոս:
Իսկ ԱՊՀ երկրներում 2013 թվականին ՀՆԱ-ի աճը Համաշխարհային բանկը գնահատում է հետևյալ կերպ` Թուրքմենստան` 10,1 տոկոս, Ուզբեկստան` 7,4 տոկոս, Տաջիկստան` 7 տոկոս, Ղազախստան` 6 տոկոս, Մոլդովա` 5,5 տոկոս, Ադրբեջան` 4,9 տոկոս, Բելառուս` 1 տոկոս, Ուկրաինա` 1,1 տոկոս, Վրաստան` 2,5 տոկոս։