3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից վարչապետը շնորհավորել է ներկաներին տոների կապակցությամբ՝ մաղթել բեղմնավոր և հետաքրքիր աշխատանք:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, նշել է.
«Զանգվածային լրատվական միջոցների դերն այսօր Հայաստանի Հանրապետությունում չափազանց կարևոր է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ վերջին հինգ տարիների ընթացքում ժողովրդավարության ամրապնդման գործում դուք ստանձնել եք բարդ և պատասխանատու գործառույթ: Դժվար է պատկերացնել քաղաքացիական հասարակության կայացումն առանց ձեր գործուն մասնակցության, հաջողություններն այդ բնագավառում պայմանավորված են լինելու նաև ձեր արդյունավետ աշխատանքով: Հաճախ մենք խոսում ենք պատասխանատու ԶԼՄ-ների մասին, քանի որ դուք նույնպես իշխանություն եք և կարողանում եք հասարակության մեջ ստեղծել տրամադրություններ, առաջ քաշել նոր գաղափարներ և, ինչու ոչ, առաջնորդել մեր հասարակությանը: Այդ տեսակետից, կարևորում եմ այն հաջողությունները, որոնք արձանագրում ենք լրատվական դաշտում, մանավանդ, երբ տեսնում ենք խորը վերլուծական նյութեր, որոնք կարևոր են քաղաքացիական հասարակության կառուցման գործում: Այդ բնագավառում ցանկանում եմ ձեզ նորանոր հաջողություններ: Մաղթում եմ, որ 2014 թվականը մեզ բերի սեր, համերաշխություն, խաղաղություն և որ այս տրամադրություններն առաջին հերթին դուք տարածեք մեր հասարակության շրջանում»:
ՀՀ կառավարության գործունեությունը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու ինչպես նաև ակտիվ համագործակցության համար ՀՀ վարչապետի հուշամեդալով, հուշանվերով՝ անվանական ժամանացույցով, և վարչապետի շնորհակալագրով են պարգևատրվել ԶԼՄ-ների մի շարք ներկայացուցիչներ:
ԽՍՀՄ հերոս, հետախույզ Գևորգ Վարդանյանին և նրա տիկնոջ` Գոհար Վարդանյանին նվիրված «Հերոս անլեգալ (ծպտյալ) հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյաններ. «Հպումը լեգենդին» շարունակվում է…» գրքի համար Տիգրան Սարգսյանը գրող, հրապարակախոս, լրագրող Գուրգեն Խաժակյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:
Գուրգեն Խաժակյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ պետության կողմից ցուցաբերված մեծ գնահատանքի համար և կարևորել, որ պարգևը հանձնվում է Գևորգ Վարդանյանի 90-ամյա հոբելյանի նախաշեմին: