Սփյուռք

Հալեպահայերը հերքում են սիրիահայերին բռնի իսլամացնելու մասին լուրերը

3 րոպեի ընթերցում

Հալեպահայերը հերքում են սիրիահայերին բռնի իսլամացնելու մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ընտանիքներին Սիրիայում բռնի մահմեդականացնելու մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Հունվարի 13-ին հրավիրած ասուլիսում այդ մասին նշեց ֆեյսբուքյան Armenians of Aleppo խմբի ադմինիստրատոր Ռոբերտ Սյուլահյանը: «Տեղեկություններ կան, թե իբր հայ ընտանիքները բռնի իսլամացվում են: Այդպիսի բան տակավին չի եղել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սյուլահյանը: Նրա տեղեկություններով՝ Սիրիայում ծայրահեղ արմատական խմբավորումների առևանգած հայր ու որդի Հովհաննես և Մինաս Լևինյանների սպանությունը տեղի է ունեցել, հավանաբար, փրկագնի, այլ ոչ՝ իսլամ չընդունելու պատճառով: Նա կարևորեց Սփյուռքի նախարարության հովանու ներքո սիրիահայերին վերաբերող տեղեկությունների կենտրոն ստեղծելու անհրաժեշտությունը՝ տեղեկությունների աղավաղում թույլ չտալու համար:

Aleppo Armeninans խմբի հիմնադիր Հրաչ Քալսահակյանը ևս կարծում է, որ տեղեկատվությունը, թե հայերը բռնության են ենթարկվում իսլամ ընդունելու համար, հավաստի չեն: «Ես դիտել եմ տարածված տեսանյութը, որում ին-որ մեկը արաբերենով հայտնում է, որ փոխել է իր կրոնական համոզմունքները: Նախ պարզ չէ` այդ մարդը հայ է, թե ոչ, բացի այդ չի խոսվում բռնությամբ հավատափոխության մասին»,- ասաց Քալսահակյանը:

Հրաչ Քալսահակյանի դիտարկմամբ` ֆեյսբուքյան վերոնշյալ խմբերի գոյությունն էլ ծառայում է այն նպատակին, որ հստակություն մտնի մատուցվող ինֆորմացիայում: «Երբեմն Սիրիայից եկող տեղեկատվությունը չափազանցված է և ճշտումների կարիք ունի»,- եզրափակեց նա:

2 օր առաջ տեղեկություն ստացվեց, որ Սիրիայում ծայրահեղ արմատական խմբավորումների կողմից առևանգված հայր և որդի Հովհաննես և Մինաս Լևինյանները սպանվել են: Նրանք չորս ամիս և չորս օր պահվում էին գերության մեջ:

Վերջին օրերին համացանցում շրջանառվում էր նաև մի լուսանկար, որում իբր սպանվածը Մինասն է: Բերիո թեմի ազգային առաջնորդարանը ճշտեց տեղեկությունը եւ հայտարարեց, որ լուսանկարում Մինասը չէ: Նրա եւ նրա հոր առեւանգման փաստը, սակայն, հաստատվեց: Հրապարակված լուսանկարում երիտասարդի հագուստի վրա երևում էր ավետարանական դրոշմ: Սիրիայի Հայ Ավետարանական եկեղեցու համայնքապետ վերապատվելի Հարություն Սելիմյանը այդ առիթով նշել է, որ սպանված երիտասարդը հայ չէ, այլ ընդդիմադիր զինյալներից մեկն է: Նա նաև տեղեկացրել է, որ ավետարանական համայնքը Բեթել վարժարանի սաների համար եկեղեցու դրոշմով վերարկուներ էր կարել: Զինված բախումների ընթացքում ընդդիմադիր զինյալները պահեստից մոտ 1000 վերարկու էին գողացել և, ամենայն հավանականությամբ, ցուրտ եղանակային պայմաններում դրանք հագել են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում