ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ումԻսրայելի նորանշանակ դեսպան Էհուդ Գոլը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Իսրայելի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Էհուդ Գոլը (նստավայրը` Թբիլիսի): Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ Հայաստանը շահագրգիռ է Իսրայելի հետ արդյունավետ համագործակցություն ծավալելու գործում եւ հույս հայտնել, որ դեսպանը ակտիվ դերակատարություն կունենա դրանում: Էհուդ Գոլն ասել է, որ երկկողմ հարաբերություններում շատ անելիքներ կան եւ մտադիր է շփումները մեծացնելու միջոցով առաջնահերթ խթանել տնտեսական համագործակցությունը: Կողմերը նշել են, որ հայ եւ հրեա ժողովուրդների միջեւ բազում ընդհանրություններ կան, ինչը եւս լավ հիմք է փոխհարաբերությունները զարգացնելու համար: Նախագահը եւ դեսպանը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների շուրջ: