2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի գրանցված կարեւորագույն ցուցանիշներից մեկը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը համարում է արդյունաբերության ոլորտում 7.1 տոկոս աճը, որն, ըստ վարչապետի, բավական հուսադրող է: «2013 թվականի երկրորդ կարեւոր ձեռքբերումը գյուղատնտեսության ոլորտում 6.7 տոկոս աճն է: «Աճ ունենք անասնապահության, սերմնաբուծությւան բնագավառներում: Եթե 2012 թվականից մեկ հեկտարից հացահատիկի 26 ցենտներ բերք էինք հավաքում, 2013 թվականին մեկ հեկտարից ստացված բերքը կազմել է 30 ցենտներ: Մենք այս տարի կարողացել ենք ներմուծել ժամանակակից սերմեր»,- ասաց նա:
ՀՀ վարչապետը հաջողություն համարեց մասնավոր հատվածի հետ համագործակցության ամրապնդումը: «Մենք ստորագրեցինք նոր համաձայնագրեր: Հիմքեր են ստեղծվում կոշկագործության ոլորտում նոր ներդրումների համար»,- հավելեց նա:
Տիգրան Սարգսյանը տուրիզմի բնագավառում 12.5 տոկոս աճը եւս հուսադրող համարեց` կարեւորելով ավիափոխադրումների ազատականացումը: «Մենք արդեն արձանագրում ենք ավիատոմսերի գների նվազում: 2014 թվականին այս միտումները շարունակվելու եւ խորանալու են»,- ասաց ՀՀ վարչապետը:
Ըստ նրա` դեղագործության ոլորտում GMP (պատշաճ արտադրական գործունեության) ստանդարտների ներդրումը նոր շուկաներ մուտքի հնարավորություն կտա հայրենական դեղագործական ընկերություններին: «Մենք ուրախ ենք, որ արդեն եւս երեք ընկերություններ պատրաստ են հայտեր ներկայացնելու` այդ միջազգային ստանդարտին համապատասխանատվության հավաստագիր ստանալու համար»,- ընդծեց Տիգրան Սարգսյանը:
Անդրադառնալով սոցիալական ոլորտին` նա նշեց, որ մի քանի նոր ծրագրեր են ներդրվել: «Անապահով խավերի ընտանիքների երեխաները կարող են անվճար սովորել բուհերում, քոլեջներում եւ մենք հարյուր տոկոսով երաշխավորելու ենք, որ ֆինանսական միջոցների բացակայությունը նրանց ուսման համար խոչընդոտ չի լինի»,- ասաց վարչապետը, հավելելով, որ 2013 թվականին 71 նախակրթարաններ են շահագործման հանձնվել: Դա նշանակում է, որ 210 համայնքներում նախադպրոցական հաստատություններն սկսել են սպասարկել 7000 երեխայի: