Տնտեսություն

Վարչապետն իրեն համարում է ամենաշահագրգիռ մարդը օֆշորային գործի բացահայտման հարցում

2 րոպեի ընթերցում

Վարչապետն իրեն համարում է ամենաշահագրգիռ մարդը օֆշորային գործի բացահայտման հարցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը օֆշորային գործի բացահայտման հարցում ամենաշահագրգիռ անձն է: Նա այս մասին հայտարարեց դեկտեմբերի 27-ի տարեկան ամփոփիչ ասուլիսին: «Ուզում եմ ասել, որ ես ամենաշահագրգռված մարդն եմ, որպեսզի այս պատմությունը մինչև վերջ բացահայտվի. թե ինչպես է հնարավոր Կիպրոսում գրանցել ձեռնարկություն և այդ ձեռնարկության հիմնադիրների մեջ հիշատակել իմ անունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետը: Տիգրան Սարգսյանը կրկին հավաստիացրեց, որ ինքն օֆշորում ձեռնարկություն գրանցելու հետ ոչ մի առնչություն չունի և վարչապետ դառնալուց հետո Կիպրոսում ընդհանրապես չի եղել:

Տիգրան Սարգսյանը հույս հայտնեց, որ հետաքննող լրագրողները հետամուտ կլինեն օֆշորային գործի հիմքում կանգնած կնոջ առեղծվածը բացահայտելու հարցում: «Այդ կինը Կիպրոսում գրանցել է մի ձեռնարկություն` մահացած մարդկանց անունով, և այդ կինը հենց այն նույն կինն է, որն այս օֆշորային սկանդալի հիմքում է կանգնած»,- ասաց վարչապետը:

Լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, որ Կիպրոսի օֆշորային գոտում բացված ընկերություններից մեկը գրանցված է վարչապետ Տիգրան Սարգսյանի, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և գործարար Աշոտ Սուքիասյանի անունով:Վերջինս, սակայն, հայտարարել էր, որ առանց վարչապետի և արքեպիսկոպոսի թույլտվության նրանց անուններով ընկերություն է հիմնել: Սուքիասյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ և հայտարարվել հետախուզում: Վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն`իր անունն այս կամ այն բիզնեսի հետ կապելուփորձերին իրավական գնահատական տալուև մեղավորներին պատժելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում