Տիգրան Սարգսյանը կոչ է անում քաղաքացիներին ակտիվ պայքար սկսել ծխելու դեմ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հասարակության մեջ ծխելու դեմ պայքարն այդքան էլ ակտիվ չէ: ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նշեց, որ մեկ շնչին ընկնող ծխախոտի եւ ալկոհոլի օգտագործման առումով Հայաստանն աշխարհում զբաղեցնում է առաջին տեղերից մեկը: «Մենք պետք է ակտիվ պայքարենք այս արատավոր երեւույթի դեմ, որն առաջին հերթին հարվածում է մեր հասարակության առողջությանը»,- ասաց նա:
ՀՀ վարչապետի խոսքով` օրեցօր պետք է ավելանա ծխախոտի վտանգը հասկացող քաղաքացիների թիվը: «Մենք օրենքն արդեն ընդունել ենք, բայց օրենքում չկան գործուն մեխանիզմներ, թե ինչպես պետք է պայքարենք, օրինակ, հասարական վայրերում օրենքը խախտողների դեմ: Մեծ պատասխանատվության է դրվելու այն կառույցի վրա, որը վերահսկելու է խնդիրը: Օրենքը պետք է վերջնական մշակենք եւ ուղարկենք Ազգային ժողով»,- հավելեց Տիգրան Սարգսյանը:
Նշված օրենքի 2014 թ.-ին ուժի մեջ մտնելու դեպքում կարգելվի ծխախոտի գովազդը հեռուստատեսությամբ, ռադիոյով և տեղեկատվության էլեկտրոնային այլ միջոցներով: Օրենքով կարգելվի ծխախոտի ապրանքատեսակների ցանկացած գովազդ, վաճառքի խթանումն ու հովանավորչությունը:
Առողջապահության նախարարության տրամադրած վիճակագրության համաձայն` Հայաստանի մեծահասակ (16 և բարձր տարիքի) բնակչության 25. 6 տոկոսը կանոնավոր ծխող է, որտեղ տղամարդկանց մասնաբաժինը կազմում է 52 տոկոս, իսկ 20-65 տարեկանների շրջանում` 57. 7 տոկոս: