Տիգրան Սարգսյանը օլիգապոլիայի դեմ պայքարում առաջնային է համարում օրենքների խստացումն ու ՓՄՁ-ների կայացումը
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քաղաքականությամբ զբաղվելը չպետք է լինի տնտեսապես ձեռնտու։ Մարդիկ չպետք է մտնեն քաղաքական դաշտ՝ հովանավորելու իրենց բիզնեսը։ Սա այն կարևորագույն խնդիրն է, որ իր առջև դրել է Հայաստանի կառավարությունը և կիրականացնի առաջիկա 3 տարիներին։ Այս մասին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան-ինստիտուտում անցկացվող տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նրա խոսքով՝ նախիկնում չկային օրենսդրական այն մեխանիզմները, թե ինչպես է իրացվելու այն նորմը, որ նախարարներն ու պատգամավորները չպետք է զբաղվեն բիզնեսով։
«Նախկին համակարգով հայտարարագրվում էր 18 հազար պաշտոնյաների գույքը, և հնարավոր չէր վերահսկել՝ այդ պաշտոնյաները իրենց հայտարարգրերը ճիշտ են ներկայացրել, թե ոչ։ Դրա համար հրաժարվեցինք այդ մոդելից և սկսեցինք հայտարարագրել 500 պաշտոնյաներին։ Որոշում կայացվեց, որ այդ հայտարարագրերը լինելու են հրապարակային և բաց։ Այս պարագայում կարևորագույն գործիքը հրապարակայնությունն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետը։ Տիգրան Սարգսյանի խոսքով՝ մոնոպոլիաների դեմ պայքարում առաջնային պետք է լինի մրցակցային դաշտի ստեղծումը։ «Կառավարության ծրագրում մատնանշված է մի կարևոր քաղաքական դրույթ, որի դեպքում մենք կհամարենք, որ ծրագիրն ավարտվել է հաջողությամբ։ Այդ կետը վերաբերում է մրցակցային դաշտում հավասարության հաստատմանը։ Եթե այս հինգ տարիներին մեզ չհաջողվի պայքարել մոնոպոլիզացման դեմ, ապա մենք կունենանք լուրջ բացթողում։ Սոցիալական բևեռվածությունը ունի ազդեցություն բոլոր ոլորտների վրա։ Դրա հաղթահարելու համար անհրաժեշտ է խստացնել օրենքները և միջավայր ստեղծել ՓՄՁ-ների կայացման համար։ Քաղաքական թիրախն այն է, որ օլիգոպոլիաների դեմ պայքարում կարողանանք ստեղծել նաև միջին խավ»,- ասաց ՀՀ վարչապետը։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2011 թվականի մայիսի 26-ին ընդունված և 2012 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ կետով 2012 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած է ճանաչվել «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-164-Ն օրենքը։ Հետևաբար, բարձրաստիճան պաշտոնատար անձ չհամարվող անձինք 2011 թվականի և հաջորդ տարիների համար նախկինում սահմանված ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագիր այսուհետ չեն ներկայացնելու: