Տնտեսություն

2014 թ-ին ակնկալվում են Հյուսիս- հարավ ճանապարհի մեծածավալ շինաշխատանքներ

3 րոպեի ընթերցում

2014 թ-ին ակնկալվում են Հյուսիս- հարավ ճանապարհի մեծածավալ շինաշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարական աշխատանքների ձգձգման համար կան մի քանի պատճառներ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 27-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան-ինստիտուտումլրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Հայաստանում նման ճանապարհների կառուցման փորձ չի եղել` նույնիսկ Խորհրդային Միության տարիներին:

«Ժամանակակից ավտոճանապարհների կառուցումը ենթադրում է, որ Հայաստանի կառավարությունը, համապատասխան նախարարությունները առաջին հերթին պետք է ձեւավորեն այդպիսի կարողություններ: Աստեղ մենք ունենք գիտելիքի եւ փորձի պակաս, ինչն էլ իրեն զգացնել էր տալիս Ասիական բանկի հետ համագործակցության բոլոր փուլերում»,- ասաց վարչապետը:

Տիգրան Սարգսյանի խոսքով, գործընթացի երկարաձգման հաջորդ պատճառը մրցույթի ժամանակ առաջացած խնդիրներն էին, որոնց հետևանքով մասնակիցների համար կրկին հստակեցվեցին մրցույթի պահանջները: «Մենք առաջին անգամ կառուցում ենք ժամանակակից ավտոճանապարհ, որի վրա արագությունը պետք է լինի միջինը 120 կմ ժամ, ինչը նշանակում է, որ որակական հատկանիշները մեզ համար ունենալու են էական նշանակություն: Շինարարական աշխատանքները երկարաձգվեցին, որովհետեւ մենք նախապատվությունը տվեցինք որակին»,- ասաց վարչապետը` հավելելով, որ Հյուսիս –հարավ ճանապարհի շինարարական աշխատանքները սկսվել են 2013 թվականին եւ 2014 թվականին ակնկալվում են մեծածավալ աշխատանքներ:

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է միջազգային բարձր չափորոշիչներին բավարարող տրանսպորտային ուղիներով Հայաստանի հարավը կապել հյուսիսի հետ: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի վերակառուցումը և զարգացումը հնարավորություն կտա դյուրինացնել և աշխուժացնել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին փոխադրումներն ու առևտուրը: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն տարածաշրջանային արդյունավետ տարանցիկ ճանապարհներ: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի երկարությունը կազմում է 556 կմ: Ծրագրի իրականացման ժամկետը 2009 թվականից մինչև 2017 թվականն է: Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքն ապահովում է Հայաստանի, Վրաստանի տարածքներով ելք դեպի Սև ծով և այնուհետև` դեպի եվրոպական երկրներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում