ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը վերջին անգամ Լոնդոնում հրաժեշտի համերգ կունենա 2014 թվականի հունիսի 1-ին, որով կնշի իր 90-ամյակը:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով frenchradiolondon.com-ը, Ազնավուրն ընթացիկ տարվա հոկտեմբերին Լոնդոնի Royal Albert Hall-ում ունեցել է փայլուն համերգ` լեփ-լեցուն հանդիսականներով, և հունիսի 1-ի համերգով հրաժեշտ կտա իր արվեստի բրիտանացի երկրպագուներին: Համերգի տոմսերի վաճառքն արդեն իսկ սկսվել է:
Լենգենդար շանսոնյեն համարվում է բոլոր ժամանակների մեծագույն հեղինակ-կատարողներից, նրա ամենամեծ հաջողությունը Մեծ Բրիտանիայում համարվում է She երգը: 60 տարվա կարիերայի ընթացքում Շառլ Ազնավուրը վաճառել է 100 միլիոնից ավելի ալբոմ և ունի 1.200-ից ավելի երգ: Նա տարբեր դերեր է կերտել 80 ֆիլմերում և ողջ աշխարհում ունեցել հազարավոր համերգներ: