Տնտեսություն

Հայաստանը պատրաստ է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳՆ խորհրդի նիստին

4 րոպեի ընթերցում

Հայաստանը պատրաստ է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳՆ խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանը պատրաստ է պատշաճ մակարդակով դեկտեմբերի 12-ին անցկացնել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, ՍԾՏՀ ԱԳՆ խորհրդի նիստին կմասնակցեն Բուլղարիայի և Թուրքիայի արտգործնախարարներ Քրիստիան Վիգենինը և Ահմեդ Դավութօղլուն, մյուս անդամների երկրների բարձրաստիճան պատվիրակություններ: Երևան կժամանի նաևՍԾՏՀ Գլխավոր քարտուղար Վիկտոր Ցվիրկունը:

Օդեսայում հունիսի 21-ին տեղի ունեցած Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 28-րդ հանդիպման ժամանակ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը վեց ամիս ժամկետով՝ մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը, ստանձնել է կազմակերպության նախագահությունը։ Դառնալով ՍԾՏՀ նախագահող երկիր՝ Հայաստանը պարտավորվել է սևծովյան տարածաշրջանում տնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ հավելյալ ջանքեր ներդնել, բարձրացնել ՍԾՏՀ գործունեության արդյունավետությունը կազմակերպության նախագծերին ուղղված օրակարգի միջոցով, ինչպես նաև նպաստել միջազգային բեմահարթակում կազմակերպության հեղինակության ամրապնդմանը:

Նախագահության ընթացքում իրականացվում են համապարփակ միջոցառումներ, որոնք նպաստում են մի շարք ոլորտներում տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը, ֆորմալ եւ ոչ ֆորմալ հանդիպումների կազմակերպում, մասնավորապես, ՍԾՏՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը Երևանում:

Հայաստանը նախաձեռնել է տարածաշրջանային տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող «Տեխնոլոգիաների հաղորդակցման համացանց» ստեղծելու վերաբերյալ հայկական նախագծի երկրորդ փուլը: Նախապատրաստական աշխատանքները շարունակվում են ՍԾՏՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ինկուբատորների ասոցիացիա հիմնադրելու ուղղությամբ:

Հայաստանը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 2014 թվականի նախագահությունը կհանձնի Բուլղարիային:

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրներն են Ալբանիան, Հայատանը, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան, Թուրքիան, Ուկրաինան: 1992թ. հունիսի 25-ին Ստամբուլում (Թուրքիա) հրավիրված գագաթնաժողովին Սևծովյան տարածաշրջանի 11 երկրների ղեկավարները (պետությունների կամ կառավարությունների մակարդակով) ստորագրել են հռչակագիր Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) հիմնադրման մասին: Սերբիան, որպես անդամ, կազմակերպությանը միացել է 2004 թ-ին:

ՍԾՏՀ կազմակերպությունը կոչված է տնտեսական համագործակցության միջոցով ամրապնդել կայունությունը Սևծովյան տարածաշրջանում և այնվերածել բարգավաճման գոտու: Կազմակերպության աշխարհագրությունը ծածկում է մոտ 20 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք` ընդգրկելով երկու մայրցամաքներում գտնվող Սևծովյան, Բալկանյան եւ Կովկասյան երկրներն ու ներկայացնելով դրանց մոտ 350 միլիոն բնակչությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում