Տնտեսություն

Եվրաինտեգրման շրջանակներում Հայաստանը 25.5 միլիոն եվրո դրամաշնորհ կստանա

2 րոպեի ընթերցում

Եվրաինտեգրման շրջանակներում Հայաստանը 25.5 միլիոն եվրո դրամաշնորհ կստանա

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաջորդ տարվա պետական բյուջեի եկամտային մասում արտացոլված է, որ եվրաինտեգրման շրջանակներում Հայաստանին կտրվի 13 միլիոն եվրո չկապակցված և 12.5 միլիոն եվրո կապակցված դրամաշնորհ: Ինչպես Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը, 13 միլիոնից 6 միլիոն եվրոն տրվում է 2010 թվականի Եվրոպական հարևանների քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման համար` որպես աջակցություն ՀՀ կառավարությանը: «Այդ դրամաշնորհն ընդհանուր առմամբ 21 միլիոն է և երեք մասնաբաժիններով է տրվում` 8,7,6 միլիոն եվրո: 8 միլիոն եվրոն արդեն ստացել ենք և պետք է նշեմ, որ բոլոր այն միջոցառումները, որոնք նախատեսված էին այդ ծրագրով, մենք կատարել ենք, հաշվետվությունները ներկայացված են: 7 միլիոն եվրոն նախատեսում ենք ստանալ ընթացիկ տարում, իսկ 6 միլիոն եվրո էլ նախատեսում ենք 2014-ին ստանալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Պավել Սաֆարյանը:

Մնացած 7 միլիոն եվրոն էլ նախատեսվում է ստանալ 2011 թվականի Եվրոպական հարևանների քաղաքականության գործողությունների շրջանակում, որի ընդհանուր մեծությունը 22 միլիոն եվրո է` 8, 7, 7 միլիոն եվրո մասնաբաժիններով: Պավել Սաֆարյանի ներկայացմամբ` 12.5 միլիոն եվրո կապակցված դրամաշնորհն արտացոլված է բյուջեի եկամտային և ծախսային հատվածներում և օգտագործվելու է ԵՄ հարևանության ներդրումային ծրագրի աջակցությամբ իրականացվող ՀՀ պետական սահմանի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան անցակետերի արդիականացման ծրագրի իրականացման համար:

Դրամաշնորհները և Եվրահանձնաժողովի ծրագրերի շրջանակներում ստացվող դրամաշնորհները երկու մասի են բաժանվում: Չկապակցված, որոնք տրվում են պետբյուջեին և ծախսվում են որպես ազատ միջոցներ պետության քաղաքականության համար, իհարկե պետությունը դրամաշնորհներ ստանալու համար պարտավորվում է որոշակի բարեփոխումներ կատարել: Կապակցված դրամաշնորհներն էլ ինչ-որ օբյեկտի կամ ծրագրի իրականացման համար են:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում