Միջազգային

Հնդկաստանը ցանկանում է Մաքսային միության հետ ստորագրել ազատ առևտրի պայմանագիր. Պուտին

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանը ցանկանում է Մաքսային միության հետ ստորագրել ազատ առևտրի պայմանագիր. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանը հետաքրքրություն է ցուցաբերել Մաքսային միության հետ ազատ առևտրի գոտու պայմանագիր ստորագրելու շուրջ, այդ հարցը պետք է լրջորեն դիտարկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Itar-tass-ը, այդ մասին Մինսկում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: ՌԴ առաջնորդն, անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի խոսքին, թե ՄՄ-ին միանալու համար դիմել է նաև Թուրքիան. նշել է. «Ցանկանում եմ տեղեկացնել, որ նման հետաքրքրություն է ցուցաբերում նաև մեկ այլ խոշորագույն տնտեսություն, աշխարհում ամենախոշոր տնտեսություններից մեկը՝ Հնդկաստանը»: ՌԴ նախագահը հիշեցրել է, որ վերջերս ավարտվել է այդ երկրի վարչապետի այցը ՌԴ: «Նա խնդրեց, որ մեր այսօրվա հանդիպմանը ներկայացնեմ Հնդկաստանի ցանկությունը` դիտարկել Մաքսային միության հետ ազատ առևտրի գոտու պայմանագրի հնարավորությունը: Կարծում եմ` հաշվի առնելով շրջանառությունը, հնդկական շուկայի մասշտաբները, ընդհանուր Ասիայի զարգացման միտումները, մենք պետք է ամենալուրջ կերպով վերաբերվենք այդ առաջարկին»,- ասել է Պուտինը:

Սեպտեմբերի 3-ին, Մոսկվայում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու վերաբերյալ ՀայաստանիՀանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու մասին, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելուվերաբերյալ: Միաժամանակ, ՀՀ նախագահը նշել է, որ Մաքսային միությանը միանալու որոշումը եվրոպական կառույցների հետ երկխոսությունից հրաժարում չէ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում