Ջազը բարություն է քարոզում. հարցազրույց Մարտին Վարդազարյանի և Երվանդ Երզնկյանի հետ

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նրանք միասին աշխատում են արդեն 44 տարի: Հաճախ չէ, որ գործընկերները լավ ընկերներ են դառնում կյանքում, սակայն, այս դեպքում, բացի աշխատանքից, նրանց միավորում է նաև ամուր ընկերությունը: Երկու տաղանդավոր կոմպոզիտորներ` մարդիկ, ովքեր կերտել են Հանրային ռադիոյի և հեռուստատեսության էստրադային սիմֆոնիկ նվագախմբի անցյալը, ներկան և շարունակում են նվագախմբի ապագայի համար բացել նոր էջեր:

Հոկտեմբերի 30-ին «Arm Jazz Week 75» նախագծի շրջանակում «Մեցցո» ակումբում կկազմակերպվի Մարտին Վարդազարյանի և Երվանդ Երզնկյանի համատեղ համերգ-երեկոն, որը հարգանքի տուրք կլինի մեր մեծերին: Հայկական ջազի երախտավորները երեկոյի ընթացքում կպատմեն իրենց ստեղծագործական գործունեության մասին, հանդիսատեսի

հետ կդիտեն կադրեր իրենց կյանքի և գործունեության մասին:

«Արմենպրես»-ի թղթակիցը հանդիպել է կոմպոզիտորների հետ և զրուցել համերգ-երեկոյի, նվագախմբի ներկայի և ապագայի, Հայաստանում ջազի ժողովրդականություն վայելելու և այլ հարցերի շուրջ:

- Պարոն Վարդազարյան, պարոն Երզնկյան, ի՞նչ անակնկալներ են սպասվում Հայկական ջազի շաբաթվա ընթացքում հոկտեմբերի 30-ին «Մեցցո» ակումբում կայանալիք ձեր համատեղ երեկոյի ընթացքում: Ինչպիսի՞ համերգ եք նախատեսել կազմակերպել:

Մարտին Վարդազարյան- Այս երեկոն ինքնին անակնկալ է, երբ իրար հետ շատ լավ համագործակցող երկու անհատականություններ և համախոհներ ելույթ կունենան մեկ երեկոյի ընթացքում: Մենք ամեն մեկս մի անհատականություն ենք: Այս համերգը ինքդ քեզ ճանաչելու և գնահատելու հնարավորություն է տալիս: Երբ մեր տանը հյուրեր էին հավաքվում և մի քիչ երկար էին մնում, ես առաջարկում էի մի բան երգել, և բոլորը միանգամից գնում էին: Այս երեկոյի ընթացքում ես որոշ երգեր կերգեմ և հույս ունեմ դա կլինի անակնկալ ոչ թե ինձ, այլ ունկնդիրների համար: Կարծում եմ՝ մեզ սպասում է մտերմիկ, ջերմ երեկո, առանց բարդույթների և ավելորդ ձևականությունների:

Երվանդ Երզնկյան- Ես երբեք չեմ զբաղվել իմ կոմպոզիտորական գործունեության քարոզչությամբ և նվագախմբում հազվադեպ եմ կատարել իմ գործերը: Կարծում եմ, որ դա շատ վատ է: Այս համերգ-երեկոյի ընթացքում ներկայացվելիք իմ գործերը բոլորի համար անակնկալ են լինելու, որովհետև գրեթե ոչ ոք դրանք չի լսել: Մենք նաև կներկայացնենք տեսանյութեր՝ հետաքրքրության համար, դա կլինի ոչ թե համերգ, այլ հանդիպում: Շատ լավ կլինի, եթե կարողանանք իրագործել մեր ծրագրածը:

- Առաջին անգամ ե՞րբ եք հանդիպել և ինչպե՞ս սկսեցիք միասին աշխատել:

Ե. Ե.-1969 թվականին իմ ընկեր կոնտրաբասահար Ակսել Բակունցն ինձ առաջարկեց փոխարինել իրեն էստրադային նվագախմբում, որը ղեկավարում էր Մարտին Վարդազարյանը: Այդ ընթացքում ես շատ բան սովորեցի, մթնոլորտն ինձ գերեց: 1990-ին, երբ ես ղեկավարում էի նվագախումբը, Մարտին Վարդազարյանը զանգահարեց ինձ և առաջարկեց համագործակցել՝ նվագախմբին օգտակար լինելու համար: Մինչ օրս մենք համերաշխ ու սիրով համագործակցում ենք:

- Նվագախումբն արդեն երկար տարիների պատմություն ունի և իր ուրույն տեղն է զբաղեցնում հայկական ժամանակակից երաժշտական ասպարեզում: Ինչպիսի՞ն է նվագախմբի անցած ուղին:

Մ. Վ.- Մինչև Կ. Օրբելյանի` Հայաստանի պետական էստրադային նվագախումբը ղեկավարելը, մեր երկրում գործում էր Էստրադային կվինտետ նրա ղեկավարությամբ: 1956 թ. Օրբելյանին առաջարկեցին ղեկավարել էստրադային նվագախումբը, և կվինտետի ղեկավար դարձավ Էդուարդ Բաղդասարյանը: Այնուհետև Բաղդասարյանն ինձ առաջարկեց կվինտետում ակորդեոն նվագել: Որոշ ժամանակ անց` 1966 թ., հիմնվեց էստրադային անսամբլը, որը ղեկավարեցի մինչև 1972 թվականը: Ե. Երզնկյանի շնորհիվ նվագախումբը պահպանվեց և այսօր գործում է: Հայ էստրադային երաժշտության ամբողջ ֆոնդը ստեղծվել է հենց մեր նվագախմբի շնորհիվ: Ցավալի է, որ տեխնիկական խնդիրների պատճառով արդեն 20 տարի ձայնագրություններ չենք կատարում` չնայած հույս ունենք, որ հնարավորություն կրկին կընձեռվի, և կյանքի կկոչվեն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները`համալրելով մեր երաժշտության ոսկե ֆոնդը: Նվագախումբը միայն հայկական ստեղծագործություններ չէ, որ կատարում է, մեր մատուցմամբ հնչում են նաև տարբեր ազգերի կոմպոզիտորների գործեր:

Ե. Ե.-Հարկավոր է նաև բարձրացնել ժողովրդի ճաշակը`մեր ծրագրերում զուգադրելով այլազգի ստեղծագործողների լավագույն գործերն ու հայկական գործերը, որպեսզի մարդիկ միակողմանի չզարգանան, քանի որ «խանգարող» երաժշտությունն այսօր շատ է: Մենք ցանկանում ենք ցույց տալ լավագույնը:

- Իսկ ինչու՞ նվագախումբը հաճախակի ելույթներ չի ունենում:

Ե. Ե.– Տեխնիկական պատճառներով: Որովհետև հաճախակի համերգներ կազմակերպելու համար անհրաժեշտ են ներդրումներ: Ժողովրդի կենսամակարդակն այնքան էլ բարձր չէ, իսկ մեր երաժշտությունը հասկացող մարդկանց մեծ մասը, ցավոք, վճարունակ չէ: Այդ իսկ պատճառով ելույթ ենք ունենում առիթից առիթ:

- Տեսեք, կազմակերպվել է Ջազային երաժշտության շաբաթ: Հետաքրքիր է, իսկ Հայաստանում ջազ - երաժշտությունը որքանո՞վ է պահանջված:

Ե. Ե.-Հայաստանում ջազի երկրպագուների բավականին մեծ բանակ կա: Ջազն իր ուրույն տեղն ունի և առանձնապես չի կեղտոտվում ցածրակարգ երաժշտության ազդեցության ներքո: Մենք ջազային լավ բազա և դպրոց ունենք: Քանի որ ջազը բավականին լավ գովազդվում է, մարդիկ, նույնիսկ չհասկանալով, սկսում են ձգտել ջազ լսել: Դա արդեն լավ է:

Մ. Վ.- Այսօր երաժշտության նկատմամբ ավելի շատ սպառողական մոտեցում է առկա, քան գեղագիտական ընկալում: Այս պարագայում նվագախմբի դերն ավելի է մեծանում: Ջազային արվեստը մի լեզու է, որ խոսում է բարության մասին: Ռոքի դեմ ոչինչ չունեմ, բայց այն գնալով ավելի ագրեսիվ բնույթ է ստանում: Ջազային երաժշտությունը, նույնիսկ ծայրահեղ դրսևորումների առումով, ագրեսիվ չի դառնում: Իսկ բարությունը, ցավոք, պակասել է մեզանում:

- Հիշատակեցիք ցածրակարգ երաժշտության մասին: Ի՞նչ ուղիներ կամ լուծումներ կառաջարկեք ռաբիսի վերացման համար:

Մ. Վ.- Կես կատակ - կես լուրջ ասել եմ, որ եթե բոլոր հեռուստաալիքները նույն օրը և նույն ժամին հաղրդեն բարձրակարգ երաժշտություն`անկախ ժանրից, ապա հետաքրքրություն անպայման կառաջանա: Սկզբում ստիպված կլսեն, հետո կհետաքրքրի:v

Հարցազրույցը՝ Ռոզա Գրիգորյանի

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա